Սահմանադրական բարեփոխումների առաջնային նպատակներից մեկը իշխանությունների լիազորությունները և պատասխանատվությունը հավասարակշռելն է: Այս մասին «Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Սյունիքի մարզի Գորիս քաղաքում բնակչության հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Այսօրվա գործող համակ արգում մենք ունենք մի իրավիճակ, երբ հանրապետության նախագահն ունի մեծ լիազորություններ, սակայն դուրս է գտվնում որևէ պատասխանատվությունից: Մեր նպատակն է ստեղծել մի համակարգ, որտեղ իշխանությունների լիազորություններն ու պատասխանատվությունը հստակ հավասարակշռված կլինեն, չի լինի իշխանության ճյուղ, պաշտոնատար անձ, ով դուրս կմնա խորհրդարանի և ժողովրդի առջև պատասխանատվությունից»,- նշեց Թովմասյանը:

 

 

Նա կառավարման գործող համակարգի թերություններից մեկը համարում է այն հանգամանքը, որ համապետակակն ընտրություններում հաղթող քաղաքական ուժը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Թովմասյանի խոսքով՝ այս գիտակցումը պարտվող կողմին ստիպում է հետընտրական ժամանակահատվածում մարդկանց փողոց հանելու, բախումներ հրահրելու միջոցով ինչ-որ բանի հասնել: «Իհարկե, սա չի կարող որևէ լավ բանի հանգեցնել: Հետո երկար ժամանակ մենք ստիպված ենք լինում հաղթահարել այդ բախումների հետևանքները, իսկ երբ մտածում ենք, որ ժամանակն է ինչ-որ բարեփոխումներ սկսելու համ ար, տեսնում ենք, որ առջևում հերթական ընտրություններն են և, քանի որ հաղթողը պետք է ստանա ամեն ինչ, կրկին սկսում ենք մտածել միայն այդ ընտրությունների մասին: Սա շատ կարևոր խնդիր է, և դրա համար է, որ մենք ավելի շատ խոսում ենք հենց կառավարման մոդելում առաջարկվող փոփոխությունների մասին, որոնցով մենք կվերացնենք այս խնդիրը և երկրի զարգացման համար նախապայմաններ կստեղծենք»,- ընդգծեց Հրայր Թովմասյանը:

 

 

Նա ընդգծեց, որ չի ցանկանում, որպեսզի երկրում բարեփոխումների իրականացումը պայմանավորված լինի միայն քաղաքական կամքի առկայությամբ, իսկ Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները հստակ պատասխանատվություն են սահմանում ժողովրդի առջև: «Իշխանություն ունենալը չպետք է գերնպատակ լինի, գերնպատակ պետք է լինի հավասարակշռված իշխանություն ունենալը: Մենք ցանկանում ենք ունենալ իրավիճակ, երբ մենակ մեկի ասածով չի ամեն ինչ որոշելու, քանի որ այդ մեկը պետք է իր թիկունքում միշտ զգա ընդդիմության շունչը, միշտ պետք է ընդունի որոշումներ, ո րոնք կլինեն կոմպրոմիսային»,- նշեց Թովմասյանը:

 

 

Թովմասյանը չի ժխտում, որ երկրում կան սոցիալական խնդիրներ, որոնք հնարավոր չէ միանգամից վերացնել առաջարկվող սահմանադրական փոփոխություններով: Միևնույն ժամանակ, նա նկատեց, որ սահմանադրական վբարեփոխումների նախագիծն ավելի արդյունավետ պայմաններ է ստեղծում այդ խնդիրները վերացնելու համար, քան գործող համակարգը: