Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց՝ որոշել է ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական պրոցեսներին, մասնավորապես՝ առաջիկա ընտրական գործընթացներին: «Տեղեկացնում եմ, որ նախարարական կարգավիճակին հրաժեշտ եմ տվել հանգիստ և առանց զգայական զեղումների, հետագայում մերժել եմ ինձ առաջարկվող բոլոր բարձր պաշտոնները, քանի որ ցանկանում եմ իմ փորձը, գիտելիքները և ջանքերը ինքնուրույն ներդնել մեր պետության ներքաղաքական կյանքում փոփոխությունների հասնելու համար: Ես որոշում եմ կայացրել՝ ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական և մասնավորապես ընտրական գործընթացներին՝ առաջնորդվելով «հանուն»-ի գաղափարով՝ հանուն պետության անվտանգության, ազգային գաղափարների իրականացման: Կարևորելով առաջիկա գործընթացները՝ ես սկսել եմ խորհրդակցությունների շարք՝ քաղաքական ուժերի, հասարակական կառույցների, հայտնի գործիչների, մտավորականների հետ: Ես իմ հետագա գործունեության ընթացքում, ինչպես նախկինում, մշտապես կանգնած եմ լինելու իմ ժողովրդի, իմ ծառայակից և մարտական ընկերների, մտավորականության, ուսանողության, սահմանին ապրող բնակիչների կողքին»,- իր հայտարարության մեջ ասել է Օհանյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ ընդհանուր առմամբ՝ դրական է գնահատում Օհանյանի այս քայլը: «Բոլորն իրավունք ունեն զբաղվել քաղաքականությամբ, իսկ երբ դա անում է ազատամարտիկը, նախկին պաշտոնյան, բնական է, առանց քաղաքականության մեջ լինելու՝ չի կարող օգնել իր երկրին»,- նշեց Պետրոսյանը: Նրա խոսքով՝ Ազատամարտիկների դաշինքը խնդիր չունի որևէ մեկի հետ համագործակցելու. «Ովքեր պատրաստ են իշխանափոխության գաղափարի շուրջ համախմբվել, միասնական պայքարել, մենք բոլորին ողջունելու ենք ու սատարենք: Իսկ ովքեր պետք է պայքարեն Ազգային ժողովում միկրոֆոնի համար, մենք նրանց հետ գործ չունենք»:  

 

Հարցին՝ ինչքանով է վստահ, որ Սեյրան Օհանյանն իշխանության հերթական պրոյեկտը չէ, ազատամարտիկը պատասխանեց. «Իսկ կա՞ որևէ մեկը, ով իրավունք ունի ինչ-որ մեկին կասկածելու: Եթե մարդը հայտարարում է, որ գործունեությունն իրականացնելու է բաց, հրապարակային, ապա ոչ մի բան գաղտնիք չի մնում, կարճ ժամանակահատվածում բացահայտվելու է, մանավանդ մեր երկրում, այս իշխանությունների օրոք»: 

 

Ըստ Ապարանի ջոկատի հրամանատարի՝ իրենք խնդիր են դրել բառերից անցնելու գործի և մաքուր ընտրություններով ձևավորելու իշխանություն, որը կծառայի ժողովրդին: «Պետք է ընտրվեն մարդիկ, ովքեր խորհրդարանում անելիք կունենան, ոչ թե մարդիկ, որոնք իրենց ունեցվածքը պահելու համար խորհրդարանում նստում են, հակառակ դեպքում՝ կունեզրկվեն: Եթե նման գաղափարների շուրջ համախմբվում են մարդիկ, կարող են միանալ մեզ: Այն ազատամարտիկները, ովքեր իշխանության կողքին են, պետք է օր առաջ դուրս գան ու կանգնեն ժողովրդի կողքին»: 

 

Քրիստինա Աղալարյան