Սիրիայում նախագահական ընտրությունների անցկացման դեմ ոչ մի «կարմիր գիծ» գոյություն չունի, սակայն ոչինչ չի կարող տեղի ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ ահաբեկչությունը հաղթահարված չէ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երկրի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է Իտալիայի պետական հեռուստատեսության առաջին ալիքի (Rai Tg1) նորությունների ծառայությանը տված հարցազրույցում:
«Եթե սիրիացիները ցանկանան նախագահական ընտրությունների անցկացում, ապա դրա դեմ ոչ մի կարմիր գիծ չկա: Եթե սիրիացիներն ինձ նախագահ ընտրեն, ապա լավ ապագա կունենան: Բայց սխալ կլինի, եթե նրանք ինձ չընտրեն, իսկ ես ցանկանամ մնալ իշխանության գլուխ»,- ասել է Ասադը: Ընդսմին նա ընդգծել է, որ քաղաքական ոչ մի գործընթաց չի կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ հաղթահարված չի լինի ահաբեկչությունը:
Խոսելով Սիրիայի շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների մասին՝ Ասադը դրանք «կարևոր քայլ» է համարել, բայց, ըստ նրա, ամենագլխավորն այն է, որ «մենք (կառավարությունը և ընդդիմությունը) կնստենք բանակցությունների սեղանի շուրջ»:
Սիրիայի հակամարտության շուրջ միջազգային հանդիպման մասնակիցները Վիեննայում որոշել են, որ երկրի կառավարության և ընդդիմության բանակցությունները պետք է տեղի ունենան եկող տարվա հունվարի 1-ից ոչ ուշ, իսկ 18 ամսվա ընթացքում հանրապետությունում պետք է ընտրություններ անցկացվեն նոր սահմանադրության հիման վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: