2016-ի բյուջեին մեր որոշ իշխանավորներ, նաև իշխանական և ոչ իշխանական պատգամավորներ, տվել են «կրեատիվ» անվանումներ, ինչպես՝«պահպանողական» բյուջե, «կայունության» բյուջե: Հասկանալի է, որ խոսքն ազգային պահպանողականության մասին չէ, ոչ էլ երկրում արտաքին և ներքին քաղաքական իրավիճակի կայունության, այլ ընդամենը եղած սոցիալական վիճակը պահպանելու և կայուն պահելու մասին է: Հիմա տեսնենք, թե որքանո՞վ է գոնե եղածը պահպանվում: 2016-ին աշխատավարձեր ու թոշակներ չեն բարձրանալու՝ չնայած կառավարությունն ասում է, թե 2015-ը կվերջացնեն 4 տոկոս տնտեսական աճով: Սովորական ընթերցողը տնտեսագետ չէ և սովորական ընթերցողը պարտավոր չէ հասկանալ «տնտեսական աճ» ասվածի բոլոր մանրամասները. նա այդ արտահայտությունն ընկալում է ամենապարզ ձևով՝ լավանալո՞ւ են իր կյանքի պայմանները, թե՞ ոչ: Եթե լավանալու են, ուրեմն դա աճ է, եթե ոչ ուրմեն աճ չկա: Հիմա եթե աշխատավարձ ու թոշակ չի բարձրանալու, ընդհանուր գնանկում էլ չկա, ինչո՞վ պիտի լավանան մարդկանց կյանքի պայմանները: Իհարկե, ոչ մի բանով, հետևաբար աճի մասին այստեղ խոսելն անիմաստ է, թեկուզ 4-ի փոխարեն 44 գրեն կամ 444, դրանք կմնան լոկ թվեր:

 

Բայց դե, ինչպես արդեն հիշեցրել եմ վերևում, ըստ մեր պատգամավորների՝ սա «պահպանողական» և «կայունության» բյուջե է: Լավ, ընդունենք այդպես է և այս տարի գործ կունենաք միայն եղած վիճակը պահպանելու հետ: Սակայն դա էլ հնարավոր է այն դեպքում, եթե տարվա ընթացքում ընդհանրապես չի լինում գնաճ, ոչ մի ապրաքատեսակի գին չի բարձրանում, և այդ դեպքում ամեն ինչ մնում է նույնը: Իսկ թե ինչ տեմպերով են Հայաստանում բարձրանում տարբեր ապրանքատեսակների գները, կարծում եմ, կարիք չկա ևս մեկ անգամ ներկայացնելու, բավական է ընդամենը պարբերաբար խանութներ հաճախել, որպեսզի համոզվել, որ գնաճը մշտապես կա: Այսինքն՝ ստացվում է, որ պահպանողականության և կայունության մասին խոսելն էլ այստեղ անիմաստ է, որովհետև եթե մարդու եկամուտը մնում է նույնը, իսկ ապրանքների գները բարձրանում են, մարդու կյանքը դրանից միայն վատանում է: Հետևաբար՝ 2016-ի բյուջեն ոչ թե «պահպանողական» կամ «կայունության» բյուջե է, այլ «հետընթացի», «նահանջի» բյուջե, և ամենայն իրավմամբ կարելի է ասել, որ ներկա կառավարությունն ապահովում է երկրում հետընթաց, բնակչության սոցիալական վիճակի վատացում: Սա պետք է որ լուրջ մտածելու տեղիք տա ներկա կառավարության աշխատանքի որակը և արդյունավետությունը գնահատելիս:

 

Վերջում ուզում եմ հիշեցնել, որ ներկա կառավարության ձևավորման սկզբնական շրջանում կառավարության ղեկավարն ու մի շարք անդամներ ուղղակի կամ անուղղակի քննադատության էին ենթարկում նախկին վարչապետին և նախկին կառավարությանը՝ մի շարք անհաջողություններ վերագրելով նրանց: Բայց եկեք արդար լինենք ու չմոռանանք, թե Տիգրան Սարգսյանի օրոք քանի անգամ աշխատավարձերի և թոշակների բարձրացում տեղի ունեցավ: Թերություններն էլ ակնհայտ էին, բայց ես սա զուտ համեմատության կարգով եմ ասում:

 

Կարեն Վարդանյան