Այսօր բավականին լարված իրավիճակ էր ստեղծվել Գարեգին Նժդեհ 21 հասցեում գտնվող «Պլանետա» սուպերմարկետում: Բանն այն է, որ այս կազմակերպությունը ոչ մի այն չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, այլ նաև բավականին խոշոր գումարներ է պարտք մատակարարներին:

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի տեղեկացմամբ̀ խնդիրն արդեն տևական ժամանակ է կա, սուպերմարկետի տերերը տարբեր կազմակերպություններից ապրանք են ստացել, սակայն վճարումները չեն կատարել: Այսօր շուրջ 500 մատակարար էր հավաքվել սուպերմարկետում, նրանք պահանջում էին իրենց գումարները:

 

 

Հավաքվածներն այնքան բորբոքված են եղել, որ սուպերմարկետում եղած քաղաքացիները խուճապահար փախել են, խանութի դռները փակել են, բայց հավաքվածները մի քանի ժամ շարունակ մնացել են սուպերմարկետի մոտ:

 

 

«Երկու միլիոնի ապրանք եմ տվել, բայց վճարումներս չեն կատարել, երևի ամենաքիչն էսքանից իմ փողնա, բայց դե Նոր տարվա շեմին սենց բան անել կլինի՞»- մեզ հետ զրույցում ասաց մատակարարներից մեկն, ով, սակայն, չցանկացավ ներկայանալ:

 

 

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև սուպերմարկետի տնօրինության հետ, ինչը, սակայն, մեզ չհաջողվեց:

 

 

Նշենք, որ նախկինում հենց այս հասցեում գործել է «Սթար» սուպերմարկետ: