Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի' զինված հանցավոր խմբավորմանը վարձով տրված առանձնատան սեփականատերը տունը վարձակալության էր հանձնել մեկ ամսով: Վարձակալները խնդրել էին բնակվել մի քանի օր ավելի: Այս մասին լրագրողներին պատմեց տան սեփականատիրոջ քույրը' Գայանե Հախվերդյանը: Սեփականատերը կանչվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն: «Քույրս ֆինանսական խնդիրներ ուներ. երեխան սովորում է Պոլիտեխնիկական համալսարանում, պետք է ուսման վարձը վճարեր, այդ պատճառով տունը վարձով էր տվել և բնակվում էր մորս տանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' պատմեց Հախվերդյանը: Նա տեղեկություն չունի, թե վարձակալները ինչ ազգության ներկայացուցիչներ են եղել, սակայն նշեց, որ պայմանագիրը կնքելիս տանտիրոջը տվել են մի կնոջ անձնագրի պատճեն, ով Նուբարաշենի բնակիչ է, իսկ անշարժ գույքի գործակալին ոչ մի կերպ գտնել չի հաջողվում: Այդուհանդերձ, վարձակալների պահվածքում որևէ տարօրինակ բան չեն նկատել: «Հավանաբար ծպտված են գործել»,-նկատեց Հախվերդյանը, ով տեղյակ չէ նաև, թե վարձակալներն ինչ ազգակցական կամ այլ կապի մեջ են եղել միմյանց հետ: Բնակվողների մեջ եղել են երիտասարդ աղջիկներ:
Գայանե Հախվերդյանը շնորհակալություն հայտնեց իրավապահ մարմիններին' հանցավոր խումբը վնասազերծելու համար, որովհետև եթե որևէ հանցագործություն անեին, իրենք իրենց մեղավոր կզգային:
Լուսանկարները՝ 168.am-ի
Ֆոտոշարքն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում