Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան որպես ագրեսիա կգնահատի իրավիճակը, երբ նրա մարտական ինքնաթիռը խախտի Սիրիայի օդային տարածքը և ոչնչացվի ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրի օգնությամբ։ Նրա խոսքով՝ Անկարան ստիպված կլինի պատասխանել նման գործողություններին:
«Մենք չենք ցանկանում տարածաշրջանում լարվածության աճ տեսնել։ Դրանում հետաքրքրված են այն կողմերը, որոնք մասնակցում են հակամարտությանը և ընդունում պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումը: Եթե մեր ինքնաթիռը խոցվի, ապա նման միջադեպը կստիպի մեզ գործել: Դա, անշուշտ, ագրեսիա է մեր դեմ, և մենք ինքնապաշտպանության իրավունք ունեն»,- ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ներողություն չի խնդրելու խոցված ռուսական Սու-24 ռմբակոծիչի հետ միջադեպի համար: