Ռուսաստանը հարգանքով է վերաբերում «Իսլամական պետության» դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային և պատրաստ է համագործակցել, բայց ավելի լավ կլինի ստեղծել միասնական կոալիցիա: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
«Ինչ վերաբերում է կոալիցիային, մենք Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել ենք այդ հարցը: Մենք (Ռուսաստանը) հարգանքով ենք վերաբերվում այդ կոալիցիային, որը գլխավորում են ամերիկացիները, և պատրաստ ենք համագործակցել նրա հետ»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով նոյեմբերի 26-ին Մոսկվայում Ֆրանսուա Օլանդի հետ կայացած բանակցությունների արդյունքները:
«Մենք գտնում ենք, որ ավելի լավ կլիներ ստեղծել միասնական, ընդհանուր կոալիցիա: Այդ պայմաններում ավելի դյուրին ու արդյունավետ կլիներ մեր ընդհանուր աշխատանքի կոորդինացումը: Բայց, եթե մեր գործընկերները պատրաստ չեն դրան, մենք մեր կողմից պատրաստ ենք աշխատել նաև այլ ձևաչափով, այնպիսի ձևաչափով, որն ընդունելի է մեր գործընկերների համար»,- հավելել է Ռուսաստանի նախագահը: