Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին այն կարծիքին է, որ երկակի ստանդարտների քաղաքականությունը, որն ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից կիրառվում է իսլամական աշխարհի նկատմամբ, դարձել է «Իսլամական պետության» (ԻՊ) հայտնվելու և ահաբեկչության ակտիվացման պատճառը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

Արևմուտքի երիտասարդությանն ուղղված ուղերձում, որը հրապարակվել է իրանական ԻՌՆԱ գործակալության կողմից, նա ընդունել է, որ «ներկայումս ահաբեկչությունը դարձել է ընդհանուր մտահոգություն», և ընդգծել է. «Այսօր քչերն են, որ չգիտեն այն դերի մասին, որն Ամերիկայի Միացյալ Նահանգները խաղացել է «Ալ Քաիդա»-ի, «Թալիբան» շարժման և նրանց չարագույժ հետևորդներին ստեղծելու, սնելու և զինելու մեջ»:

 

 

Նամակում ասված է. «Այնքան ժամանակ, քանի դեռ Արևմուտքի քաղաքականության մեջ կգերիշխեն երկակի ստանդարտները, քանի դեռ ահաբեկիչները, հզոր հովանավորների կարծիքով, կբաժանվեն «լավերի» ու վատերի», քանի դեռ կառավարությունների շահերը բարձր կդասվեն մարդկային արժեքներից և բարոյականությունից, չպետք է բռնությունների արմատները փորձել գտնել որևէ այլ տեղ», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: