Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ասաց, որ մարզային տեսուչներն ահազանգի հետքերով հայտնաբերել են Նոյեմբերյանում գնված կարտոֆիլից նմուշներ և ուղարկել դրանք լաբորատոր փորձաքննության՝ պարզելու հնարավոր հիվանդության առկայությունը:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն: Մարդիկ ձմռան համար պարկերով կարտոֆիլը գնելուց և տուն տանելուց հետո են միայն իմանում, որ իրենք խաբվել են:
Մամուլի քարտուղարկի խոսքով՝ ծառայության մասնագետներն ուժեղացրել են վերահսկողությունը և մոնիտորինգ են իրականացնում շուկայում: