Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Սան Բերնանդինո քաղաքում սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության կենտրոնում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած հարձակման մեջ կասկածվող տղամարդն ու կինը սպանվել են իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Ջերոդ Բուրգուանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ հարձակվողների ձեռքին ինքնաձիգներ և ատրճանակներ են եղել: Նրանք եղել են զինվորական դաշտային համազգեստով: Բուրգուանը նշել է, որ կա նաև երրորդ կասկածյալը, ով փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից: Ներկայումս նա կալանավորված է: Դեռևս վերջնականապես պարզ չէ՝ արդյոք նա առնչություն ունեցե՞լ է միջադեպին, նրա ինքնությունը գաղտնի է պահվում:
Կասկածյալներից մեկը եղել է ԱՄՆ քաղաքացի, գրում է The Los Angeles Times թերթը: «Իրավապահ մարմիններում երկու աղբյուր հայտնել է, որ կասկածյալն ԱՄՆ քաղաքացի է եղել, նրանք չեն թաքցրել նրա անունը»,- գրել է թերթը:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը հայտնել էր կասկածյալներից մեկի անունը՝ Սայիդ Ֆարուք: Ըստ NBC-ի աղբյուրների, երկրորդ տղամարդը եղել է նրա եղբայրը:
Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով մահացել է 14, վիրավորվել՝ 17 մարդ: հարձակման պատճառները դեռ պարզ չեն: Իշխանությունները որևէ տեղեկություն չունեն, որ հանցագործներն առնչություն ունեն ահաբեկչական խմբավորումների հետ: