Սերժ Սարգսյանն երեկ երեկոյան հանդիպել է հայաստանյան առաջատար հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին և իր պատկերացումներն է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների մասին:

 

 

Իհարկե, մի փոքր տարօրինակ ու անընդունելի է, որ նախագահի ասուլիս-հարցազրույցը հանրության սեփականությունը դարձավ, ոչ թե երեկ, այլ միայն այսօր՝ ենթադրաբար որոշակի խմբագրումներից ու գրաքննությունից հետո: Այս ամենն որոշակիորեն հիշեցնում է խորհրդային անցյալը, երբ գենսեկերի հարցազրույցները, ելույթները հասարակությանը մատուցվում էին մանրակրկիտ հղկումներից հետո:

 

 

Սակայն, այս խնդիրն այսօր ամենագլոբալը չէ, հատկապես, բոլորս գիտակցում ենք, որ մենք բնավ էլ կայացած ժողովրդավարական համակարգում չենք ապրում:

 

 

Եթե անդրադառնանք Սերժ Սարգսյանի խոսքի բովանդակային մասին, ապա կնկատենք, որ դրանում մեծ տեղ էր հատկացված գործող ու առաջարկվող կառավարման համակարգերի համեմատությանը' առավելությունը տալով բնականաբար խոհրդարանականին:

 

 

Տեսական հարթություն մտնել չեմ ուզում, սակայն նկատեմ, որ Սարգսյանի բերած փաստարկների մեծ մասը տեղին է: Իհարկե, նույն տրամաբանությամբ' կարելի է բերել հակափաստարկներ, սակայն հիմա էական է արձանագրել, որ այս քարոզարշավի ընթացքում' նախագահը դարձավ իշխանության այն բացառիկ ներկայացուիցչը, ով հնարավորինս համակարգված ներկայացրեց «Այո»-ի հիմնավորումը' կոտրելով «Ոչ»-ի փաստարկները:

 

 

Հանրապետության նախագահը հանգամանալից նշեց և բավականին հիմնավոր շեշտադրումներով՝ եթե սոսկ իշխանության վերարտադրություն ուզեր, դա կաներ գործող սահմանադրության շրջանակներում: Հիմա էլ' Սարգսյանը նշում է, որ նոր կառավարման համակարգում չի պատրաստվում նախագահ, վարչապետ կամ խոհրդարանի ղեկավար լինել, նաև Հայաստանում բացառում է ստվերային կառավարման մոդելը, այսպես կոչված' վրացական տարբերակը, երբ Բիձինա Իվանիշվիլին պետությունը ղեկավարում է' իր բիզնես կենտրոնում նստած՝ պետական կարգավիճակ ունեցող իր դրածոների միջոցով: Փառք աստծո, Սարգսյանը մերժում է այս տարբերակը, մյուս կողմից' իր քաղաքական ծրագրերը, իր անձնական հեռանկարի մանրամասները խոստանում է բացահայտել 2017-ի խոհրդարնական ընտրություններից հետո. «Մեր երկրում չի կարող լինել ստվերային ղեկավարություն և իմ պրոբլեմների մի մասը նաև դրա պատճառով է, որ ես համաձայն չեմ մեր երկրի ստվերային կառավարմանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց գիտեք այդ առիթով մի շատ հետաքրքիր գաղափար է գալիս: Թվարկեցիր Նախագահ, Վարչապետ, մեր կուսակցականները հայտարարել են նաև Ազգային ժողովի նախագահ չլինելու մասին: Վաղը, եթե ես հայտարարեմ, որ նաև կուսակցության նախագահ չեմ լինելու, ես վստահ եմ, որ ցուցարարները սկսելու են խոսել, որ եթե Սերժ Սարգսյանը լինի Շախմատի ֆեդերացիայի նախագահ, ապա մեր երկրում իշխանությունը նրանն է լինելու»:

 

 

Իհարկե, այս նախադասությամբ որևէ մեկը չի կարող մեղադրել Սարգսյանին, որ նա դրժում է իր խոսքն ու ապագայում հավակնում է պետական կարևոր դերակատարության: Մյուս կողմից' նախագահը մի քանի անգամ ասում է՝ «...ես բոլորին ու Ձեզ անձամբ խոստանում եմ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո շատ մանրամասն պատասխանել բոլոր հարցերին, որովհետև այդ ժամանակ է որոշվելու»: Իսկ այս նախադասությունը գոնե տեսական հնարավորություններ է թողնում, որ մինչև 2017թ-ը կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, կարող են լինել ֆորսմաժորային իրավիճակներ, որոնք գուցե ստիպեն, որպեսզի Սարգսյանը վերանայի իր մոտեցումը, ասենք' համաձայնի զբաղեցնել վարչապետի կամ խոհրդարանի խոսնակի պաշտոնները:

 

 

Հանրապետության նախագահի երեկվա հարցազրույցի ստվերային քննադատության հիմնական թիրախներն առաջին ու երկրորդ նախագահներն էին: Սերժ Սարգսյանը պատահական չհիշեց նաև «Մեղրիի փոխանակման» չարաբաստիկ տարբերակի ու Հոկտեմբերի 27-ի մասին' շատ հստակ մեսսիջ հասցեագրելով Ռոբերտ Քոչարյանին, որ կարող են փակագծեր բացվել:

 

 

«...Իրենք ի վիճակի չեն ձևավորել քաղաքական ուժ և այդ քաղաքական ուժով ստանալ քվեների մեծ քանակ, խորհրդարանում ունենալ մեծամասնություն և ձևավորել կառավարություն: Բայց քանի որ այդ մարդիկ համարում են, և շատ դեպքերում դա իրականություն է, որ իրենք խարիզմատիկ մարդիկ են, որպես անհատականություն, իրենց հաջողության հասնելու ճանապարհն իրենք տեսնում են նախագահական ընտրությունների միջոցով: Սա մի խումբ մարդիկ են, ովքեր կատեգորիկ դեմ են և իրենց դեմ լինելը արտահայտել են մինչև նույնիսկ բարեփոխումների կամ սահմանադրական փոփոխությունների հրապարակումը: Այսինքն' իրենց համար միևնույն է, թե ինչ է այնտեղ գրված, միայն թե՝ խորհրդարանական համակարգ չլինի»: Սարգսյանի այս խոսքերը միանշանակ հասցեագրված են Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին:

 

 

Ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ի «Այո»-ն, առաջին հերթին, փակելու է այս մարդկանց իշխանություն վերադառնալու ճանապարհը: Ըստ այդմ' դեկտեմբերի 6-ին, ի թիվս այլ մեծ ու փոքր խնդիրների, Սերժ Սարգսյանը լուծում է մարտավարական կարևոր խնդիր՝ չեզոքացնելով իր հիմնական քաղաքական ախոյաններին:

 

 

Սուրեն Սուրենյանց