ՀՀ սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընտրական ցուցակներում անճշտությունների վերաբերյալ գրավոր դիմում ՀՀ ոստիկանություն չի ներկայացվել: Փոխարենը Անձնագրային ու վիզաների վարչությունում գործող թեժ գծի ծառայությունը ստացել է 88 զանգ, որոնցից 82-ը' տեղեկատվական բնույթի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
Այդ զանգերը, մասնավորապես, վերաբերել են ցուցակները որոնելու, տեղամասի վայրի, լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու դիմում ներկայացնելու, բնակության վայրի սեփանակատիրոջ կողմից հաշվառումից հանվելու դիմում ներկայացնելու կարգերին: 5 զանգով ստուգման արդյունքում պարզվել է, որ բնակչության պետական ռեգիստրում վրիպման պատճառով հասցեն նշվել է թերի կամ սխալներով, արդյունքում սխալներն ուղղվել են: Մեկ զանգով պարզվել է, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձի տվյալները տեխնիկական սխալի պատճառով չի մուտքագրվել պետական ռեգիստր, սխալը կրկին ճշգրտվել է ու քա ղաքացու տվյալներն ընդգրկվել են վերջնական ցուցակներում»,- հայտնեց Բիչախչյանը:
Նրա խոսքով' անհիմն շահարկումներից խուսափելու համար համայնքային ոստիկանները կատարել են այցեր բնակարաններ, արդյունքում հայտնաբերվել են 5000 հազար մահացած անձի մասին տվյալներ, որոնք գրանցված չեն եղել քաղաքացիական գրանցման ակտերի մարմիններում, կատարվել է համապատասխան շտկումը:
Բացի այդ' ոստիկանությունը վերջնական ցուցակներ հրապարակելուց հետո սեփական նախաձեռնությամբ տարածել է կրկնվող անհատական տվյալներ ունեցող անձանց ցուցակները: Նույն անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ ունեցող 110 անհատական տվյալների համընկնումով 220 ընտրողներ են հայտնաբերվել:
Դեկտեմբերի 5-ի դրությամբ' ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեի մասնակիցների ընդհանուր թիվն է' 2 միլիոն 550 հազար 323: Այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի հանրաքվեի մասնակիցների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկված անձինք 16 հազար 856-ն են, Հայաստանում հաշվառում չունեցող, քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա հանրաքվեի տեղամասի քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները' 270-ը, քվեարկությա ն օրը հանրաքվեի տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի քվեարկողների ցուցակից հանված և հանրաքվեի տեղամասում քվեարկող ոստիկաների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները' 140, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող քվեարկողների լրացուցիչ ցուցակ ընդգրկվածները' 1.542: