Դատարանը Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ինտեղեկացրեց Միրիջանյանի ընկերը:

 

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հաղորդման ուսումնասիրման արդյունքում պարզվել էր, որ հաղորդման մեջ առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր:

 

Դատախազի որոշմամբ՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակից Զավեն Միրիջանյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով. հարուցվել է քրեական գործ:

 

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ «ՉԻ»-ն գրել էր, որ իր տեղեկություններով, ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում Զավեն Միրիջանյանի և ընտրական հանձնաժողովի ՀԱԿ ներկայացուցչի՝ Վարդան Հարությունյանի միջև (ում Միրիջանյանը փորձել էր նյութապես շահագրգռել)։

 

Թերթի տեղեկություններով` այդ առերեսումից հետո քննիչը որոշում է կայացրել՝ դիմել դատարան Միրիջանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։