Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (IBF) զրկեց տիտղոսից գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ բրիտանացին հրաժարվել է IBF-ի վարկածով չեմպիոնական գոտու պարտադիր մենամարտ անցկացնել ուկրաինացի Վյաչեսլավ Գլազկովի հետ:

Նոյեմբերի 28-ին Ֆյուրին Վլադիմիր Կլիչկոյի հետ մարտի արդյունքում նվաճեց IBF/IBO/WBA/WBO չեմպիոնական գոտիները: IBF պարտավորել էր Ֆյուրիին մենամարտ անացկացնել, սակայն մարզիկի պայմանագրում Կլիչկոյի հետ ռևանշ-մենամարտի կետ կա, որը Կլիչկոն որոշել է օգտագործել:

Ավելի վաղ Ֆյուրին հայտարարել էր, որ Գլազկովի հետ մենամարտ չանցկացնելու համար պատրաստ է անձամբ հրաժարվել IBF-ի տիտղոսից, քանի որ այդ մարտը «զրոյական նշանակություն ունի»: