ՀՄԸՄ-ի նորընտիր Կենտրոնական վարչությունը դեկտեմբերի 8-ին հանդիպումներ է ունեցել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
Էջմիածինում Գարեգին Բ կաթողիկոսը ընդունել է ՀՄԸՄ-ի նորընտիր Կենտրոնական վարչության կազմին, որն այս օրերին Երեւանում գումարում է իր առաջին լիագումար նիստերը: Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը ներկայացրել է կազմի անդամներին, փոխանցել քառամյա գործունեության ծրագրերը ու շեշտը դրել ՀՄԸՄ-եկեղեցի անքակտելի կապի վրա:
Վեհափառ հայրը փոխանցել է իր գնահատանքը հոգեւոր եւ հայապահպանման առումներով ՀՄԸՄ-ի գործադրած աշխատանքներին' նշելով, որ թեմական առաջնորդների միջոցով հետեւում է կառույցի գործունեությանը ու պատրաստ է միշտ օժանդակել միության տարբեր ծրագրերին: Գարեգին Բ կաթողիկոսը հաստատել է, որ մարզական եւ սկաուտական աշխատանքների միջոցով սփյուռքահայ պատանուն ու երիտասարդին հայ պահելու առաքելությունը նվիրական է. այս առիթով նա իր քաջալերանքն ու օրհնությունն է փոխանցել նորընտիր Կենտրոնական վարչությանը:
Գառնիկ Մկրտիչյանը վեհափառ հորը տեղեկացրել է 2018թ.-ին Հայաստանում կայանալիք միության 100-ամյակի հանդիսավոր տոնակատարութեան մասին, իսկ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի ատենապետ Հրաչյա Շմավոնյանը փոխանցել է 2016թ.-ին Հայաստանում ծրագրվող Միջազգային սկաուտական սեմինարի մանրամասները' հայտնելով, որ այս նախաձեռնության առաջադրանքներից է Հայաստանը օտար երկրների մասնակիցներին ծանոթացնելը:
Կենտրոնական վարչությունը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա իր գնահատանքն է արտահայտել ՀՄԸՄ-ի դերակատարությանը' հայապահպանության, հատկապես, պատանիներին եւ երիտասարդներին հայրենասիրական դաստիարակություն փոխանցելու առումով եւ ընդգծել, որ միության ծավալած գործունեությունն իրավամբ Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է:
ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը շնորհակալություն է հայտնեց ընդունելության եւ միության գործունեությանն աջակցելու պատրաստակամության համար' նշելով, որ հայրենիքի հետ կապը առավել եւս ամրապնդելու եւ հայրենիքի շուրջ համախմբվելու ծրագրերը միշտ առկա են: Նա նշել է, որ 2014թ.-ին ՀամաՀՄԸՄական բանակումի մասնակիցների կողմից պաշտպանության նախարարին ներկայությամբ «Վազգեն Սարգսյան» սպայական զորանոցում կատարված տողանցքը անջնջելի կերպով դրոշմված է բոլորի մտքերում ու սրտերում: Ապա պաշտպանության նախարարի ու Կենտրոնական վարչության միջեւ քննարկվել են առաջիկա գործակցության գործնականացման քայլերի հնարավորությունները' հաստատելով նախարարության ու հայկական բանակի խիստ կարեւոր դերակատարությունը հայրենիքի պաշտպանության խնդրում:
Կենտրոնական վարչություւնը հանդիպում է ունեցել նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ' ներկայացնելու համար նորընտիր Կեդնտրոնական վարչությունն ու դրա քառամյա ծրագրերը, որոնց գործնականացման հիմնական մասը պիտի կենտրոնացվի հայրենիքում:
Գագիկ Ծառուկյանն իր շնորհաւորություն է փոխանցել նորընտիր Կենտրոնական վարչությանը'գնահատելով հայրենիքի հետ ՀՄԸՄ-ի կապը: Նա նշել է, որ մարզախաղերի եւ բանակումների միջոցով հայ պատանուն ու երիտասարդին հայրենիքին ծանոթացնելու առաքելությունը հայապահպանման կարեւորագույն դաստիարակություններից է' իր պատրաստակամությունը փոխանցելով օժանդակելու ՀՄԸՄ-ի ծրագրերին: