Պաշտոնական Բաղդադը հայտարարել է, որ վերջին օրերի ընթացքում թուրք-իրաքյան լարված հարաբերությունները կվերականգնվեն միայն այն պարագայում, եթե Թուրքիան իր զորքերը դուրս բերի հյուսիսային Իրաքից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Demok rathaber.net-ը, նման հայտարարություն է արել Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին, ով Բաղդադում հանդիպել է Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանի և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:

 

 

Հանդիպման ժամանակ Իրաքի վարչապետն ընդգծել է, որ ստեղծված ճգնաժամային իրադրության լուծումը կախված է միայն «իրաքյան տարածքներից թուրքական ուժերի ամբողջական հեռացմամբ»:

 

 

 

Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մո սուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:

 

 

Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բո լոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը: Դեկտեմբերի 8-ին այդ հայտարարությունը կրկնել է արդեն Իրաքի արտգորնախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին՝ նախազգուշացնելով, որ վերջնաժամկետը մոտենում է ավարտին:

 

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէ հավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: