Հաստատված ժամանակացույցի համապատասխան, Արցախում դեկտեմբերի 9-ին ավարտվել են մարդահամարի աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանն «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ դեկտեմբերի 10-13-ը կատարվել են մարդահամարի աշխատանքներում ներգրավված պատասխանատու աշխատակիցների վերահսկիչ շրջագայությունները, որո նց ընթացքում ստուգվել են տնային տնտեսությունների վերաբերյալ հավաքագրված տվյալների հավաստիությունն ու ճշգրիտ լինելը։

 

«Հավաքագրված բոլոր նյութերը շրջանային բաժինների միջոցով կփոխանցվեն Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի վարչությանը։ Մետ 6 ամսվա ընթացքում մարդահամարի ընթացքում հավաքագրված տվյալները կենթարկվեն համապատասխան ծածկագրման և համակարգչային մուտքագրման, որից հետո ընդհանրացված ձևով կհրապարակվեն 8 բաժիններից բաղկացած տեղեկագրում, որը նախատեսվում է մինչև 2016 թվականի վերջը»,- ասել է Ներսիսյանը՝ ավելացնելով, որ մինչև այդ՝ եկող տարվա ապրիլին, ԱՎԾ-ն կհրապարակի մարդահամարի արդյունքներով ԼՂՀ բնակչության թվի վերաբերյալ նախնական տվյալներ։

 

ԼՂՀ ԱՎԾ նախագահն ընդհանուր առմամբ գոհ է կատարված աշխատանքից, քանի որ ամեն ինչ անց է կացվել ըստ սահմանված կարգի՝ հաշվի առնելով միջազգային ընդունված փորձն ու չափանիշները: «Առանձնապես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին, ովքեր բարձր գիտակցումով մասնակցել են մարդահամարի աշխատանքներին: Այդ մասին են խոսում մեր հաշվարարների փոխանցած տեղեկությունները, ովքեր վկայում են, որ ամենուրեք արժանացել են բարեհամբույր ընդունելության, և մարդիկ սիրով տրամադրել են այն բոլոր տեղեկությունները, ինչը պահանջում է այդ նպատակով կազմված հարցաթերթիկը»,-ասել է Կարեն Ներսիսյանը և ավելացրել, որ հարցաթերթիկը կազմելիս բովանդակությունը լիովին համապատասխանեցվել է զարգացած երկրներում ացկացվող համանման միջոցառումների ընդունված հարցադրումներին:

 

ԱՎԾ նախագահը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ բոլոր անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է, քանի որ տեղեկատվությունը հրապարակվելու է ծածկագրումից հետո, ընդհանրացված տեսքով։