Սևաստոպոլում հանրաքվեի նախնական արդյունքները կհրապարակվեն մարտի 16-ի ուշ երեկոյան' Նախիմովի հրապարակում: Այս մասին լրագրողներին հայտնել է Սևաստոպոլի պետական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Դմիտրի Բելիկը:

 

«Մարտի 16-ին Նախիմովի հրապարկում կլինի համերգ, այն կշարունակվի ընդհուպ մինչև ուշ երեկո: Եվ դրանից հետո, ինչպես սպասվում է, կհրապարակվեն հանրահարցման նախնական արդյունքները»,- ասել է նա:

Սևաստոպոլում քվեարկությունն ընթանալու է տեղական ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն:

 

Նախօրյակին Ռուսաստանից Սեւաստոպոլ են հասցվել մարդասիրական օգնության բեռները: Ութ մեծ բեռնատարներ և մի քանի միկրոավտոբուսներ, որոնք ավտոշարասյուն էին կազմել Վոլգոգրադրում, «Գիշերային գայլեր» ակումբից մոտոցիկլավարների ուղեկցությամբ հանդիսավոր կերպով մտել են Նախիմովի հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում Էին սևաստոպոլցիները:

 

Սևաստոպոլի Համակարգող խորհրդի ներկայացուցիչն ասել է, որ բերված սննդամթերքը, դեղորայքը, վերմակները, կրակմարիչները, դյուրակիր գեներատորները և բազմաթիվ այլ իրեր կօգտագործվեն Սեւաստոպոլի ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների մասնակիցների կենցաղը կազմակերպելու համար, որոնք հերթապահում են քաղաքում և պահակակետերում: