Բարձր ենք գնահատում հաղթանակը: Այս մասին Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Այնտրախտի» նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակից հետո ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:

«Շատ ուրախ եմ, մենք բարձր ենք գնահատում այս հաղթանակը և գոհ ենք ցուցադրած խաղից: Թարմ տեսք ունեինք: Ցավում եմ, որ մրցակիցը հաշվի մեջ առաջ անցավ առաջին իսկ հարվածից: Չնայած հաշվին՝ մենք միշտ խաղի մեջ էինք: Իհարկե, առաջինը գոլ բաց թողեցինք և չիրացրինք 11 մետրանոցը, կարող էր առաջանալ զգացում, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Ես, սակայն, ուրախ եմ նրա համար, թե ինչպես թիմը շարունակեց խաղալ, թե ինչպես կարողացավ պահպանել խաղի տեմպն այնքան ժամանակ, մինչև հաշիվը դարձավ հօգուտ մեզ: Այս հաղթանակը «Աուգսբուրգի» և «Քյոլնի» դեմ խաղերից առաջ վստահություն կտա թիմին»,- մարզչի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը: