ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, հանձնաժողովի անդամներ Թեւան Պողոսյանը, Արթուր Ստեփանյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային ծրագրի շրջանակում այցելել են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր։
Այցի հիմնական նպատակն էր տեղում ծանոթանալ Սահմանապահ զորքերի կառուցվածքին, կառավարման համակարգին, տարբեր ծառայությունների գործունեությանը, ինչպես նաև առկա խնդիրներին։
Հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես օրենսդրական բնույթի, այնպես էլ համակարգի բնականոն գործունեությունն ապահովող տարատեսակ խնդիրներ։
Վարչական համալիրում շրջայցի ժամանակ պատգամավորները ծանոթացել են տարբեր կենտրոններում իրականացվող աշխատանքներին եւ ծրագրերին։ Նրանք եղել են նաեւ գերժամանակակից սարքավորումներով ու տեխնիկական միջոցներով հագեցած ուսումնական դասասենյակներում։
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ այցի արդյունքների ամփոփումով հանձնաժողովը հնարավորություն կունենա գնահատել ոլորտում խնդիրները, գտնել օրենսդրական լուծումներ, որոնք առավերապես կնպաստեն սահմանապահ զորքերի արդյունավետ գործունեությանը։
«Սահմանապահ զորքերը կարեւորագույն դերակատարում ունեն Հայաստանի սահմանների պաշտպանության գործում եւ կարող ենք փաստել, որ բնագավառի կառավարումը հուսալի ձեռքերում է», - ասել է Կորյուն Նահապետյանը։ Նա կարեւորել է Սահմանապահ զորքերի հետ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Նշվել է նաեւ, որ երկուստեք համագործակցությունը լինելու է շարունակական։