«ՈՉ»-ի համատեղ շտաբը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ ասվում է.

 

 

Հայ Ազգային Կոնգրեսի եւ Հայաստանի ժողովրդական կուսակցության ՈՉ-ի համատեղ շտաբը շնորհակալություն է հայտնում Հայաստանի քաղաքացիներին՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին ակտիվորեն մասնակցելու եւ, դրա նշանակությունը գիտակցելով, զանգվածաբար ՈՉ քվեարկելու համար: Ժողովուրդը արտահայտվեց եւ հստակ ՈՉ ասաց Հայաստանի իշխանություններին եւ նրանց նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին: Մեր տվյալների եւ ընտրական գործընթացների հայտնի վիճակագրական մեթոդների վրա հիմնված ճշգրիտ մաթեմատիկական վերլուծության շնորհիվ հնարավոր է վերականգնել ժողովրդի իրական քվեարկության պատկերը: Հանրաքվեին իրականում մասնակցել է մոտ 825 հազար մարդ, որոնցից առնվազն 575 հազար քաղացի քվեարկել են ՈՉ, 250 հազարը ԱՅՈ, ինչը նշանակում է, որ Հայաստանի ժողովուրդը հստակորեն արտահայտվել է հանրաքվեում եւ մերժել սահմանադրական փոփոխությունները:

 

 

Հասկանալով, որ ժողովրդի կողմից իշխանության ծրագրերի մերժման ամրագրումը հանրաքվեի պաշտոնական արդյունքներով ըստ էության կնշանակի իշխանությունների նկատմամբ ժողովրդի անվստահության արձանագրում, Սերժ Սարգսյանի ռեժիմը ամեն գնով, այդ թվում դիմելով լայնածավալ զանգվածային օրինախախտումների եւ ընտրակեղծարարության, կեղծելով մոտ կես միլիոն ընտրողների մասնակցություն, գլխիվայր շուռ տվեց հանրաքվեի արդյունքը, պաշտոնապես, տեղամասային, ընտրատարածքային եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովների որոշումների միջոցով արձանագրելով ժողովրդի կամարտահայտությանը տրամագծորեն հակառակ արդյունք:

 

 

ՈՉ-ի համատեղ շտաբը ԿԸՀ-ին է ներկայացրել դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում լցոնումների, բռնության, մատյաններում քաղաքացիների ստորագրությունների կեղծման, ընտրողների եւ հանրաքվեի օրինականությունը վերահսկող անձանց ընտրական իրավունքի իրականացման խոչընդոտման մասին հարյուրավոր տեղեկություններ եւ ապացույցներ, որոնք ցույց են տալիս օրինախախտումների համակարգային, համատարած եւ կազմակերպված բնույթը: Ներկայացվել է նաեւ վիճակագրական վերլուծություն, որը թույլ է տալիս գնահատել ընտրակեղծարարության ազդեցության չափը հանրաքվեի հայտատարված արդյունքների վրա եւ եզրակացնել, որ այդ արդյունքները չեն արտահայտում ժողովրդի կամքը եւ հանրաքվեն պետք է ճանաչվի անվավեր:

 

 

ԿԸՀ-ի կողմից առանց լուրջ հիմնավորումների ՈՉ-ի համատեղ շտաբի պահանջի մերժումից հետո իրավական հարթության մեջ կա եւս մեկ քայլ' համաձայն Սահմանադրության 100 եւ 101 հոդվածների, Ազգայի Ժողովի մեկ հինգերորդից ավելի պատգամավորների դիմումի հիման վրա վիճարկել հանրաքվեի արդյունքները Սահամանադրական դատարանում: «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցությունն այսօր որոշում է ընդունել ԱԺ-ի աշխատակազմից համապատասխան ձեւաթուղթ վերցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու համար ԱԺ պատգամավորների անհրաժեշտ ստորագություններ հավաքելու նպատակով: Բոլոր պատագամավորները կարող են այցելել «Հայ Ազգային Կոնգրեսի» խմբակցություն եւ մինչեւ դեկտեմբերի 18 ստորագրել այդ դիմումի տակ:

 

 

Անկախ իրավական հարթությունում կատարվող քայլերից, ակնհայտ է, որ անցկացված հանրաքվեն եւ ժողովրդի հստակորեն արտահայտված քաղաքական կամքը նոր իրավիճակ են ստեղծել երկրում: Իշխանությունների կողմից հանրաքվեի արդյունքների լկտի կեղծումը, դառնալով եւս մեկ ոճրագործություն սեփական ժողովրդի դեմ, էլ ավելի խորացրեց ռեժիմի եւ ժողովրդի միջեւ անջրպետը:

 

 

Ժողովուրդը, սակայն, ոչ թե ընկճվել է իր կամարտահայտության հերթական ոտնահարումից, այլ ավելի վճռականորեն տրամադրվել հանցագործ իշխանություններից ազատվելու խնդրում: Հանրաքվեի փորձը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է համախմբվել եւ միասնաբար դեմ քվեարկել Սերժ Սարգսյանի ռեժիմին, ինչպես նաեւ ցույց տվեց, որ մեր հանրությունը աստիճանաբար ձեւավորում է ընտրակեղծարարության դեմ պայքարելու համար անհրաժեշտ որակյալ մարդկային ռեսուրսը: Շնորհիվ հազարավոր ազնիվ, գրագետ եւ համարձակ քաղաքացիների, ովքեր հանձնաժողովների անդամների, վստահված անձանց, քաղաքացիական դիտորդների եւ լրագրողների կարգավիճակով պայքարում են քվեարկության օրինականության եւ ժողովրդի ձայնը պաշտպանելու համար, հարյուրավոր տեղամասերում հաջողվեց արձանագրել ժողովրդի հաղթանակը: Ընտրակեղծարարները բարոյալքված են, քանի որ հասկանում են, որ իշխանությունների նկատմամբ ձեւավորվող համընդհանուր ատելության եւ ընտրակեղծարարության դեմ աճող դիմադրության պայմաններում այլեւս կասկածի տակ են նրանց վերարտադրման ծրագրերը:

 

 

Պայքարը շարունակվում եւ ավարտվելու է Հայաստանի քաղաքացիների հաղթանակով: