Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.

«Այսօր, դեկտեմբերի 6-ին, Վանաձորում տեղի է ունենալու թիվ 11 մանկապարտեզի բացումը։ Մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար տրամադրվել է շուրջ 158 մլն դրամ՝ Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Նախաձեռնությունը ներառված է եղել Տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերում:կառուցման ծրագիրն իրականացվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի անմիջական աջակցությամբ և միջնորդությամբ:

Ուշագրավ է այն փաստը, որ մանկապարտեզի բացման պաշտոնական մասն իրականացվելու է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, միևնույն ժամանակ «Իմ Քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրացուցակով Լոռու մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, այնինչ Վահրամ Բաղդասարյանը, ում աջակցությամբ և ջանքերով կյանքի է կոչվել մանկապարտեզի կառուցումը, նույնիսկ հրավիրվածների ցուցակում չկա:

Արդյո՞ք  մի օր էլ Սուրեն Պապիկյանի աջակցությամբ կառուցված հաստատության բացմանը Վահրամ Բաղդասարյանը ժապավեն կկտրի նրա փոխարեն: Չէ՞ որ արդեն իրավիճակներ են փոխվել:

Հավելենք նաև, որ Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ և ջանքերով դեռևս վերանորոգման գործընթացում է գտնվում Վանաձորի թիվ 18 դպրոցը, որի աշխատանքների նախահաշիվը կազմել է 1 մլրդ 150 մլն դրամ, որից 807 մլն դրամն արդեն հատկացվել է (2014թ.՝ 100 մլն, 2015թ.՝ 500մլն, 2016թ.՝ 150մլն և 2017թ.՝ 57մլն) և դրա արդյունքում դպրոցի 5 մասնաշենքից 3-ն ամբողջությամբ վերանորոգվել են:

Սա էլ ի գիտություն բոլոր նրանց, ովքեր կցանկանան հերթագրվել Վահրամ Բաղդասարյանի աջակցությամբ կառուցված և վերանորոգված հաստատությունների հերթական բացման արարողության ժամանակ ժապավեն կտրելու համար»: