Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նստաշրջանի երկրորդ նիստը:Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված օրենքի նախագծերը:

 

Դեկտեմբերի 14-ի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են «Հայաստանի Հանրապետության 2016-2018 թվականների պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորներից առաջարկներ չեն ստացվել:

 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի նպատակն է անմաքս առևտուր իրականացնելու հնարավորություն տալ նաև ցամաքային անցակետերում գործող խանութներին:

 

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Փոփոխություններով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

 

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի՝ նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետորեն կանխարգելելու հայկական կոնյակների, աշխարհագրական նշումով գինիների եւ խաղողի օղիների կեղծումները:

 

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են կառավարության հեղինակած «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Օրինագծի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված եւ կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը: