Քիչ առաջ Ազգային ժողովում քննարկվեց կառավարության հեղինակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: Օրինագծի հիմնական նպատակն է ապահովել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ ձերբակալված և կալանավորված անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի պատշաճ իրացումը:

 

Ելույթ ունեցավ ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը, ով կարծում է, որ պետք է ուշադրություն սևեռել ՔԿՀ-ներում գտնվողների առողջության, կենցաղի, սանիտարահիգենիկ վիճակի վրա:

 

Պատգամավորը նկատեց, որ դատապարտյալները տարիների ընթացքում ձեռք են բերում հիվանդություններ ոչ նպաստավոր պայմաններում ապրելու արդյունքում և հարց բարձրացրեց ̀ կա՞ ինչ-որ նախաձեռնություն՝ այս ամենի հետ կապված:

 

«Դատապարտյալներին տեսակցությունը պետք է ազատականացվի, քանի որ մարդն իր կատարած հանցագործության արդյունքում կտրվում է իրական աշխարհից, բայց մյուս կողմից պետք է մտածենք նրա կապը ընտանիքի հետ: Շատ ավելի ազատականացված լինի, որպեսզի ողջ ընտանիքը չտուժի»,- ասաց Բիշարյանը: