Դեկտեմբերի 14-ին Հայաստանի լրատվական դաշտը «պայթեցրած»՝ ԱՄՆ դեսպանի կրկնահայտարարությունը բավական լայն արձագանք գտավ նույն այդ դաշտում՝ տալով զանազան մեկնաբանությունների տեղիք: Լուրն այս իրոք ուշագրավ էր, քանի որ դժվար կլինի մտաբերել Հայաստանում անցկացված որևէ ընտրություն կամ հանրաքվե, որն այսքան հետևողական արձագանք ստացած լինի միջազգային հանրության կողմից: Խոսելով հանրաքվեի մասին՝ Միլսը բառացիորեն ասել էր հետևյալը. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգներն աշխարհով մեկ պայքարում է կոռուպցիայի դեմ, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի անաչառ անցկացմանն ուղղակիորեն միջամտած անձանց մասին հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները կարող են նաև կիրառվել ԱՄՆ դեսպանատան կողմից դեսպանության ծրագրերում ու միջոցառումներում մասնակիցների ներգրավումը դիտարկելիս»: Եվ այսպես, ի՞նչ կարող է այս ամենը նշանակել, ինչո՞ւ հանկարծ Վաշինգտոնում որոշեցին այսքան բծախնդիր գտնվել անցկացված հանրաքվեի հանդեպ, իսկ ավելի ճիշտ կլիներ ասել՝ այդ հանրաքվեն կազմակերպողների հանդեպ, մի՞թե ԱՄՆ-ի համար նորություն էին մեր ընտրական համակարգին բնորոշ արատներն ու դրանք կյանքի կոչողները, իսկ միգուցե Վաշինգտոնի համբերության բաժակը լցվե՞լ է այլևս և չի պատրաստվում աչք փակել իշխանությունների ապօրինությունների վրա, ի վերջո ինչով կարող է այս ամենը պայմանավորված լինել:

 

Միլսի՝ որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնավարումն աչքի է ընկնում մի հետաքրքրական երանգով. անընդհատ հնչում են Հայաստանում վխտացող կոռուպցիան, ամենաթողությունն ու հովանավորչությունըդատապարտող հայտարարություններ, որոնք կարծես նպատակ ունեն ինչ-որ մեկին լսել տալու, թե քո պաշտոնավարման շրջանում երկիրդ այնպիսի հետընթաց է ապրել, որ ակնկալել զարգացած երկրներից աջակցություն՝ Հայաստանի տնտեսությունը վերակենդանացնելու առումով, միամտություն է: Եթե ցանկանում եք, որ ներդրումներ անենք, ստեղծե՛ք թափանցիկ համակարգ, ինչը կերաշխավորի արտասահմանցի գործարարների կապիտալի անվտանգությունն այստեղ: Սակայն հանրաքվեի ընթացքում տեղ գտած խայտառակությունները փաստեցին մեկ բան. անպատժելիությունն ուրվականի պես թափառում է Հայաստանով մեկ, ու չկա մեկը, որ ի վիճակի լինի կանխել սա: Բայց համարել, որ ամեն ինչ կորած է, ճիշտ չէր լինի, մանավանդ որ նախագահականում ևս տրամադրված են ամենայն աչալրջությամբ հետևելու իրավապահների կողմից իրականացվող զեղծարարների հայտնաբերման ու պատժի գործողություններին, որոնք այնքան կարևոր են երկրի ապագայի համար: Ոմանք, փորձելով արդարացնել ընտրակեղծարարներին, իհարկե, կարող են ԱՄՆ դեսպանատան անզիջում դիրքորոշումը պայմանավորել որոշակի աշխարհաքաղաքական գործընթացներով. ԵՏՄ անդամ երկիր ենք՝ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող, ու ճնշման ևս մեկ հավելյալ գործիք ունենալուն Արևմուտքում ոչ ոք դեմ չի լինի, իսկ կեղծիքներով անցկացված հանրաքվեն հրաշալի առիթ է՝ Հայաստանի շուրջ օղակը սեղմելու համար: Անշո՛ւշտ, ոչ ոք չի կարող ժխտել այն հանգամանքը, որ միջազգային հարաբերություններում ներկայիս լարվածությունը կարող է որոշակի հետք թողնել գերտերությունների վարքագծի վրա, սակայն ակնհայտ է նաև, որ ԱՄՆ աչալրջությունը պայմանավորել միայն աշխարհաքաղաքական ինչ-ինչ թվացյալ շահերով, խոսում է առնվազը հարցին ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Կարևորն այն է, անշուշտ, որ Հայաստանում ոչ ոք չի պատրաստվում «աչք փակել» միջազգային հանրության կտրուկ արձագանքի վրա, քանի որ նույնիսկ հիմարին է հասկանալի, որ այդ պարագայում մեր երկիրը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել՝ տնտեսական հնարավոր պատժամիջոցներից, մինչև վարկանիշի կորուստ՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով:

 

Մնում է հուսալ հայրենի իրավապահների սկզբունքայնությանն ու պրոֆեսիոնալիզմին, որոնց շնորհիվ միայն հնարավոր կլինի սեղմ ժամկետներում հայտնաբերել ու պատժել ընտրակեղծարարներին, իսկ հնարավոր է նաև նրանց թիկունքի հետևում թաքնվող «խոշոր շնաձկներին»:

Դավիթ Բաբանով