Իշխանական վերնախավում կրկին ակտիվացել են նախագահական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը կոալիցիա վերադարձնելու մասին խոսակցությունները, ինչպես նաեւ գործընթացը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այդ գործընթացին ողջ թափով լծվել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ճիշտ է, նախընտրական այս շրջանում ամենավերին մակարդակով դեռ նման քննարկումներ չկան, բայց Հ. Աբրահամյանն իր ազդեցության տակ գտնվող հանրապետական պաշտոնյաներին արդեն սկսել է դրան տրամադրել։ Ընդ որում՝ այդ տրամադրվածությունը կա նաեւ ԲՀԿ-ում։
Եվ ԲՀԿ-ն թեեւ հայտարարել է, որ որեւէ թեկնածուի չի սատարելու, ակնհայտ է, որ թե կուսակցությունը, թե Գ. Ծառուկյանը պաշտպանում են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
Բացի այն, որ Գ. Ծառուկյանն ու ողջ ԲՀԿ-ն ցանկանում են կոալիցիա վերադառնալ, նրանք կրկին ինչ-որ պահանջներ են ներկայացնում իշխանություններին։ Բայց այս անգամ դա ավելի զգուշորեն են անում։ Եթե նախկինում վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատելու եւ այդ պաշտոնի նշանակումն իրենց հետ համաձայնեցնելու գրեթե հրապարակային պահանջ էին ներիկայացնում, այս անգամ դա անում են կուլիսային խոսակցություններում։ Օրինակ՝ իրենց պատգամավորների միջոցով փոխանցում են, որ ոչ միայն Տիգրան Սարգսյանի, այլեւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնանկութունն են ուզում։
Իսկ ինչ վերաբերում է վարչապետի պաշտոնին, ապա Գ. Ծառուկյանն այդ աթոռը ավանդաբար իր խնամի Հ. Աբրահամյանի համար է ցանկանում։
ԲՀԿ-ն նաեւ որոշակի նախարարական պորտֆելերի եւ այլ պաշտոնների ակնկալիք եւս ունի։ Օրինակ՝ մշակույթի նախարարությունը, որտեղ նախարար է ցանկանում նշանակվել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը...»,- գրում է «Ժամանակը»։