«Փաստ» օրաթերթը գրում է.
Երգիչ-երգահան Արթուր Իսպիրյանը թեև գոհ է նոր կառավարության գործելաոճից, բայց երգչի համար հասկանալի չէ մարդկանց կողմից դրսևորվող անհամբերությունը:
«Նոր կառավարության գործելոճից միայն ես չէ, որ գոհ եմ: Իմ ընկերները, ում հանդիպում եմ, բոլորը շատ բարձր են գնահատում: Երանի այսպես շարունակվի, ու ունենանք այն հայրենիքը, որի մասին երազում ենք: Բայց կա մի բան, որը չեմ հասկանում: Օրինակ՝ Ազգային ժողովում 10 օրվա կառավարության առաջ հանրապետականներն այդ ի՞նչ պահանջներ են ներկայացնում: Այն խնդիրներն են ներկայացնում, որոնք իրենք 20 տարի չեն կարողացել լուծել: 20 տարի խեղաթյուրել են երկիրը, ամեն ոլորտ փտեցրել են ու հիմա հարցերի արագ լուծումներ են պահանջում: Սա ուղղակի ծիծաղելի է: Այն մարդիկ, ովքեր երկիրն այս վիճակին են հասցրել ու այդ վիճակով հիմա հանձնեցին ժողովրդին, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: Նրանք երկիրը այս վիճում հանձնեցին ոչ թե Նիլոլ Փաշինյանին, այլ ժողովրդին: Հիմա ժողովուրդն է տերը: Այն, ինչ որ կատարվում է, կատարվում է ժողովրդի կողմից: Ես չեմ հասկանում նաև անհամբեր մարդկանց, չեմ հասկանում անհամբերությունը: Ուզում են մի օրում, մի ժամում լինի այդ ամենը, չեն հասկանում, որ ժամանակ է պետք: 20–25 տարի խեղաթյուրեցին բոլոր ոլորտները, իսկ նոր կառավարությունը չի կարող կարճ ժամանակում բոլոր հարցերը կարգավորել»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Արթուր Իսպիրյանը:
Երգիչը շեշտեց, որ 10–15 օրերի ընթացքում իր համար դրական փոփոխությունները տեսանելի են. «Ես իմ ընտանեկան բյուջեի վրա զգում եմ այդ փոփոխությունները: Վստահ եմ, որ փոփոխություններ դեռ շատ են լինելու, որին մենք անհամբեր սպասում ենք»:
Արթուր Իսպիրյանը համաձայն է նոր կառավարության ու մշակույթի նախարարության հետ համագործակցել յուրաքանչյուր ֆորմատով: «Մենք բոլորս կաջակցենք նոր կառավարությանը: Այս պահին ես եկել եմ նախարարի հետ հանդիպման, և բոլորս մեր աջակցությունն ենք հայտնում, որպեսզի այս լճացումից հանենք մեր մշակույթը: Խոսքը թե՛ հեռուստատեսության, թե՛ ռադիոյի, թե՛ կրթական ոլորտի մասին է: Ամեն ինչը կամաց–կամաց պետք է կարգավորվի, միանգամից պահանջել չի կարելի: Մշակույթի նախարարությունը բավականին շատ ու բարձր արժեք ունեցող գույք ունի, որոնց մեջ են մտնում նաև արվեստի գործերը: Օրինակ՝ նկարներ, քանդակներ: Այդ ամենը պետք է հաշվառել, որ տեսնենք՝ այդ գույքն ո՞ւր է գնացել: Այդ քայլով կտեսնենք նաև, թե մշակույթի նախարարությանը պատկանող շենքերն ինչո՞ւ և ե՞րբ են սեփականացվել: Հարց է նաև նկարների բնօրինակ լինելը. մշակույթի նախարարությունն իրավունք ունի պատկերասրահից նախարարություններին ու կառավարությանը ցուցադրության համար նկարներ տրամարդել: Դրանք արդյո՞ք հետ են վերադարձվել, և եթե այո, ապա ի՞նչ վիճակում են: Ես գիտեմ կառավարական շենքեր, որտեղ շատ թանկարժեք նկարներ են ցուցադրվում: Ես չեմ կարող կարևորել մյուս հարցերը՝ չկարևորելով նշվածները: Մշակույթի նախարարությունը բավականին շատ գործ ունի անելու, մշակութային դաշտը պետք է մաքրել: Իսկ ամենակարևոր խնդիրներից մեկը հեռուստատեսությունն աղբից մաքրելն է: Խոսքը թե՛ սերիալների և թե՛ տարբեր երաժշտական հաղորդումների մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Արթուր Իսպիրյանը նորմալ երևույթ է համարում այն, որ կան արվեստագետներ, ովքեր շարժման օրերին միանգամից փոխեցին իրենց կարծիքն ու հայտնվեցին արդեն այլ կողմում: Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր նախկին իշխանությունների հետ սերտ կապեր ունեին: Երգիչը անդրադարձավ նաև նրանց, ովքեր, այնուամենայնիվ, շարունակում են հավատարիմ մնալ նրանց:
«Ամբողջ աշխարհում է այդպես: Մի օր այն դաշտում են, մի օր՝ այս դաշտում: Այդուհանդերձ, առանց հաշվի առնելու նրանց քաղաքական դիրքորոշումները, ես նրանց հարգում եմ և սիրում: Ժամանակն այնպիսին է, որ իրենք հիպնոսից կամ քնից կարթնանան և կտեսնեն իրականությունը: Մենք քնած ենք եղել ու հիմա արթնացել ենք: Շնորհակալ եմ մեր վարչապետին, որ արթնացրեց հայ ժողովրդին, ու մենք այդ վատ երազից դուրս եկանք: Երբևէ չի լինի այնպիսի մարդ, ով կցանկանա ապրել այնպես, ինչպես մեկ կամ երկու ամիս առաջ: Ես Նիկոլ Փաշինյանին որակում եմ որպես ազգային հերոս, որովհետև իր արածը հերոսություն է»,- եզրափակեց նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում