Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսել է խոստովանել Արցախի Հանրապետության նկատմամբ իրականացված դիվերսիոն գործողության հետևանքով ունեցած կորուստների մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Քերիմով Թալեխ Սալեխօղլուն:
Դեկտեմբերի 17-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկված անհաջող դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձերից հետո, որի արդյունքում վերջինս ծանր կորուստներ կրելով հետ էր շպրտվել, ադրբեջանական բանակի հատուկ նշանակության խմբերը' հակամարտ զորքերի շփման գծի հարավային, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններով դեկտեմբերի 18-ի գիշերը դիմել են հերթական դիվերսիոն գործողությունների: Վերոնշյալ բոլոր ուղղություններում հայ դիրքապահները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և անցել պաշտպանական մարտերի:
Ադրբեջանական գրոհայինները կորուստներ տալով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Ցավոք, ծավալված մերձամարտերի ընթացքում արիաբար մարտիրոսվել են ՊԲ զինծառայողներ Աղասի Արսենի Գրիգորյանը (ծնված 1996թ.) և Ռուբեն Ռոբերտի Ալեքսանյանը (ծնված 1996թ.):
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայաված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Գոռ Վահանի Օհանյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: