Երկրապահ կամավորականների միությունում միջոցառում էր կազմակերպվել 2015 թվականին հայոց սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողների հարազատների համար: Ներկա էին զոհվածների ընտանիքի անդամները, եռասերունդ երկրապահը, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, բարերար, «Ֆաստ կրեդիտ» ընկերության նախագահ Վահե Բադալյանը: Ներկաները, հյուրերը նախքան միջոցառման մեկնարկը ծաղիկներ խոնարհեցին Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:
Ոգեկոչման և աջակցման միջոցառումը սկսեց հոգևոր հոր աղոթքով:
Բարերար Վահե Բադալյանը, ինչպես 2014-ին, այնպես էլ այս տարի մեկական միլիոն դրամ հատկացրեց 2015 թվականին հայրենիքը կյանքի գնով պաշտպանած զինծառայողների հարազատներին: Հայրենասիրական այս նախաձեռնության կարևորության մասին խոսեց Երկրապահ կամավորակնների միության վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը:
Վահե Բադալյանը ևս ազատամարտիկ է, լինելով բժշկական համալսարանի ուսանող, պատերազմի տարիներին մեկնել է առաջնագիծ՝ կյանքեր փրկելու նպատակով: Բարերարը վստահեցրեց, որ այս ծրագիրը շարունակական է լինելու: Թեպետ շատ ավելի կցանկանար, որ խաղաղություն լիներ, որ կորուստներ այլևս չունենայինք: Բայց քանի դեռ չավարտված պատերազմ ունենք, պատրաստակամություն հայտնեց աջակցելու հայ զինվորին ու նրանց ընտանիքի անդամներին:
Զորավար Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ Վահե Բադալյանի ծնողները պարգևատրվեցին «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: Զորավարը ոգեկոչման, հպարտության խոսքեր ասաց ներկաներին, այն հերոս մայրերին, որոնց հերոս տղաները համալրելով հայրենիքը պաշտպանելիս զոհված ազատամարտիկների շարքերը անմահացան և ինչպես ասաց Մանվել Գրիգորյանը այսօր նրանց հոգիները սավառնում են երկնքում, և այնտեղից են հսկում մեր անդորրը:
Նախաձեռնությունը ողջունեց նաև պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:
Ի դեպ, վերջին օրերին թշնամու դիվերսիոն թափանցման փորձերը խափանելիս նահատակված հայորդիների հարազատներին ուղղված ցավակցական խոսք է տարածել ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը: Ուղերձն ամբողջությամբ ներկայացվում է ստորև.
«Ցավակցություն դիվերսիոն ներթափանցման փորձերը կանխելիս նահատակված հայորդիների հարազատներին.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների և իմ անունից վշտակցում եմ նենգ ոսոխի դիվերսիոն թափանցման փորձերը կանխելիս նահատակված հերոս հայորդիների հարազատներին:
Ներե՛ք մեզ, եթե կարող եք, թանկագին մայրեր: Ներե՛ք, որ չենք կարողանում ի սպառ բացառել նման ցավալի դեպքերը: Դուք, հայ ազգի հերոս մայրեր, հպարտ և գլուխներդ բարձր պետք է քայլեք Հայաստանում՝ համոզված, որ ձեր զավակները չեն մահացել, այլ, ընտրելով գիտակցված մահն, անմահացել են: Ձեր զավակները հավերժ ապրելու են սերունդների հիշողություններում: Ձեր զավակները պատանիների, երիտասարդների համար օրինակ են լինելու: Հենց նրանց օրինակով ենք մենք կրթում, դաստիարակում մեր պատանեկան, երիտասարդական երկրապահական կառույցների սաներին: Ձեր զավակների հոգիներն այսօր էլ սավառնում են երկնքում և նույնիսկ երկնքից երաշխավորում են ձեր, մեր, ամենքիս՝ հայ ազգի անվտանգությունը:
Հավատացած եղե՛ք, ոսոխը հազարապատիկ է հատուցելու իր չարության համար, իր տգեղ արարքների համար: Այսօր էլ հայոց բանակը, ՀՀ և Արցախի զինված ուժերը կարողանում են համարժեք հակահարված տալ թուրք ազերուն, կարողանում են ամուր ու անառիկ պահել հայրենյաց սահմանները, բայց նենգաբարո ոսոխի համար գալու է հատուցման դաժան պահը:
Մեր հերոս զավակների զոհվելու կապակցությամբ ես ցավակցում եմ ամբողջ հայ ազգին, ցավակցում եմ ՀՀ և Արցախի զինված ուժերին՝ շարքայինից, նահատակված հերոսների մարտընկերներից մինչև Արցախի ՊԲ հրամանատար և Արցախի նախագահ, մինչև ՀՀ պաշտպանության նախարար և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ՀՀ նախագահ: Նաև հավաստիացնում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի անունից, Արցախյան ազատամարտի բոլոր վետերանների անունից, որ պատրաստ ենք ցանկացած պահի, զենքը ձեռքներիս կանգնել պատերազմական առաջնագծում»: