Տեղ հասանք. հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանը երկրապահներին «տղամարդկության դասեր» է փորձում տալ՝ Գեղարքունիքի մարզում իր ունեցած ելույթի ժամանակ ասելով, թե երկրապահները թաքնվել են կանանց հետևում: Եվ դա ասում է մի մարդ, որը պատերազմի մասին միայն ֆիլմեր է դիտել և հոդվածներ կարդացել, որի որդիները չեն ծառայել Հայոց բանակում, որովհետև նույնիսկ Հայաստանի քաղաքացի չեն, և, բնականաբար, չէին էլ ուզի դառնալ, որպեսզի հանկարծ բանակ չզորակոչվեն... Բայց ինքը «հայրենասեր» է, նույնիսկ մի ժամանակ իրեն անվանում էր «ազգային»: Եվ այդ մարդը պատերազմ անցած երկրապահներին «տղամարդկության դասեր» է տալիս: Մարդ չգիտի՝ ծիծաղի՞, թե՞ լաց լինի:

 

 

Բայց ավելի ճիշտը ծիծաղելն է, հումորով մոտենալը: Չէ՞ որ այդ տեսանկյունից իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանը լավ գործ է անում, մարդկանց տրամադրություն է բարձրացնում, իսկ ծիծաղն օգտակար է առողջությանը: Միայն հրաժարականների պահանջների մասին իր «հաղորդաշարն» արդեն այնպիսի հեղինակություն է վայելում հումորասերների շրջանում, որ «Արմքոմեդին» կարող է արդեն սկսի վախենալ մրցակցությունից: Դա իսկապես Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ շատ լավ է ստացվում, մանավանդ որ վերջինս արդեն պահանջել է նաև Գեղարքունիքի մարզի ղեկավարության հրաժարականները և չի մոռացել շեշտել, որ հրաժարականների այս պահանջը «համազգային» պահանջ է: Ամենաուշագրավն այդտեղ այն էր, որ այդ «համազգային պահանջը» լսելու եկել էին ընդամենը 4-5 մարդ: Այս տեմպերով շարունակվելու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանի «մանրահավաքներն» ու ելույթները նույնպես որպես ծիծաղաշարժ միջոցառումներ շուտով լուրջ մրցակից կդառնան «Կարգին հաղորդմանն» ու «Արմքոմեդիին», միգուցե նաև հաղորդումներին մասնակցելու հրավերներ գան ռուսական հայտնի «Comedy Club»-ի և անձամբ Գարիկ Մարտիրոսյանի կողմից:

 

 

Եվ իսկապես, յուրաքանչյուրը պետք է զբաղվի այն գործով, որն իր մոտ ստացվում է: Հովհաննիսյանի մոտ փաստացի ստացվում է միայն հանրությանը զվարճացնելը, ուստի այս տեսանկյունից «Ժառանգության» առաջնորդը ճիշտ ուղու վրա է: Գոնե այս ոլորտում հաջողության հասնի, թե չէ միայն ձախողումներ, ձախողումներ...

 

 

Կարեն Վարդանյան