ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի պատրաստվում հրաժարվել հայրենիքին ծառայելուց: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որում վերջինս պահանջում էր իր հրաժարականը, Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տվեց որպես քաղաքական գործիչ, այլ բաներով զբաղվել: «Լավ կլիներ, որ Րաֆֆին, որպես քաղաքական գործիչ, այլ բաներով զբաղվեր: Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

 

 

 

Հարցին՝ կա՞ն նման քննարկումներ, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը, Օհանյանը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ի՞նչն է ձեզ մտահոգում: Ես այսօր իմ դերը իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար, չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»: