Այսօր կայացավ  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համաժողովը, որի ժամանակ ներկաներին բացման խոսքով դիմեց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը: Սեյրան Օհանյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղիներին՝ անհրաժեշտություն համարելով Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական համագործակցությունը. «Խնդրի կարգավորման հարցում մեծ դեր են կատարում Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը, բայց մենք գիտենք, որ անչափ կարևոր են այն որոշումները, որոնք ընդունվում են Երևանում, Ստեփանակերտում և Բաքվում, ավելին, վերջնական խոսքը պետք է լինի Ստեփանակերտինը: Խնդրի լուծման հիմքում Արցախի ինքնորոշման 25-ամյա իրողությունը պիտի լինի»,-հայտարարեց նախկին նախարարը:

 

Համաժողովի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանն, անդրադառնալով այս գիշեր հակառակորդի սանձազերծած ագրեսիային, նշեց, որ հայկական կողմը կարող է կանգնեցնել թշնամու առաջխաղացումը: Ըստ նախկին նախարարի՝ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ թշնամու առաջխաղացումը կասեցնելու և պատժիչ գործունեություն ծավալելու համար: