Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը Կանեբրայում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանատների հետ քննարկել է Ադրբեջանի ընթացիկ ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայ դատի կենտրոնական խորհրդի կայքից: «Ուղերձը հստակ է' միջազգային հանրությունը պետք է վերջ դնի կեղծ հավասարությանը և կոչ անի դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան' դատապարտելով վերջին միջադեպերը և Լեռնային Ղարաբաղի սահմանին ուղղաթիռի խոցումը»,- նշվում է կայքում:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: