Ադրբեջանի իշխանությունները Ֆրանսիայից հստակ առաջարկների են սպասում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու նպատակով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման առնչությամբ: Այս մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

 

Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել առաջարկով' կապված Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ: «Ներկա պահին մենք Ֆրանսիայից սպասում ենք ավելի հստակ առաջարկների այդ հանդիպման կազմակերպման առնչությամբ»,- հայտարարել է Մամեդյարովը: Նա ընդգծել է, որ առավել մանրակրկիտ տեղեկատվության բացակայության պատճառով ինքն հավելյալ որևէ բան չի կարող ասել նախագահների հանդիպման կապակցությամբ:

 

Երկօրյա պաշտոնական այցով Բաքվում գտնվող Սերգեյ Լավրովը Մամեդյարովի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցը, որի ընթացքում հայտնել է, որ հակամարտությունում առկա ստատուս-քվոն անընդունելի է: