Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին Ելիսեյան պալատում: Այդ մասին հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը:
«Գագաթնաժողովի նպատակն է ապահովել կողմերի երկխոսությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում երկու ամիս առաջ արձանագրված լարվածությունից հետո»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' գրել է գործակալությունը: Բացի եռակողմ հանդիպումից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նաև առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ:
Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ռուս և ֆրանսիացի համանախագահների հետ:
Սպասվում է, որ երեք երկրների առաջնորդների համար կտրվի ճաշ, որի ընթացքում նախատեսված է քննարկում Կովկասի ապագայի առավել լայն թեմաների շուրջ: