Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը մեծ հույսեր ունեն' կապված Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Երկու երկրների նախագահները լիահույս են, որ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը կնպաստի Հայաստանի ու Ադրբեջանի դիրքոշումների մերձեցմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին կողմերը տեսակետներ են փոխանակել հեռախոսազրույցի ժամանակ:

 

Նազարբաևն ու Պուտինը քննարկել են նաև ուկրաինական իրադարձությունները: Մասնավորապես, երկու երկրի նախագահները խոսել են այն հնարավոր քայլերի իրականացման մասին, որոնք կհանգեցնեն Ուկրաինայի նախագահի հետ տարբեր ձևաչափերում ուղիղ բանակցությունների իրականացմանը:

 

Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքի համաձայն, Պուտինը հեռախոսազրույց է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն համագործացկության տարբեր ասպեկտները: Ինչ վերաբերում է ուկրաինական ճգնաժամին, կողմերն ընդգծել են կառուցողական համատեղ աշխատանք իրականացնելու անհրաժեշտությունը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում' Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ' քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: