Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման կազմակերպման մասին կարելի է մտածել Բաքվում առաջին Եվրոպական խաղերի ավարտից հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Մոնյեն հայտնել է նաև, որ Բաքվի Եվրոպական խաղերի բացման արարողությանը ներկա կլինեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ընդ որում, Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեր Անդրյուն կլինի Ֆրանսիայի ներկայացուցիչը Եվրոպական խաղերի բացման ժամանակ:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Խաղերին աշխարհի 50 երկրից կմասնակցի շուրջ 6 հազար մարդիկ: Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով և կունենա 25 մարզիկ:
2014թ. ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են երեք անգամ' օգոստոսի 10-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, սեպտեմբերի 4-ին՝ Ուելսում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի նախաձեռնությամբ և հոկտեմբերի 27-ին Փարիզում՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով: Երեք հանդիպումներում շեշտադրվեց ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացի խաթարման անթույլատրելիությունը: Օլանդը կոչ արեց կողմերին աշխատել համապարփակ խաղաղ համաձայնագրի մշակման ուղղությամբ: