ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նպատակադրված են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը մինչև տարեվերջ' դեկտեմբերի 6-ին Հայաստանում անցկացվելիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը մենք քննարկելու են նախագահների հանդիպման օրը և վայրը: Երկու նախագահներն էլ հանձն են առել խորացնել երկխոսությունը և հանդիպման ցանկություն են արտահայտել: Մենք կցանկանայինք այս այցն օգտագործել' որոշելու հանդիպման հավանական օրը և սկսելու հանդիպման նախապատրաստական աշխատանքները»,- ասաց ամերիկացի դիվանագետը:

 

Ուորլիքը նշեց, որ իրենք տեղյակ են, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի է ունենալու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ այդմ, նախագահների հանդիպումը, հավանաբար, կլինի դրանից հետո՝ մինչև տարեվերջ:

 

«Շատ կարճ ժամանակ է մնում, մենք պետք է ճշտենք նախագահների հետ նրանց զբաղվածութան գրաֆիկը՝ հանդիպումը կազմակերպելու համար»,- ասաց ամերիկացի համանախագահը:

 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երևան է ժամանել հոկտեմբերի 26-ին' առավոտյան 4:30-ին: ՄԽ մյուս համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեր Անդրիուի (Ֆրանսիա) հետ նա հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

Հայտնի է նաև, որ համանախագահները Բաքվում կլինեն հոկտեմբերի 28-ին: