Այսօր՝ օգոստոսի 10-ին, Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:

 

Այս մասին տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղարի օգնական Նարեկ Նիկողոսյանը, ֆեյսուքյան իր էջում: Նա, մասնավորապես, գրել է․ - «Վաղը այստեղ' Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ ըստ էության նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»։

 

Նախագահների եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը՝ Թվիթեր սոցիալական ցանցի իր էջում:

 

Նա հավելել է, որ բանակցային գործընթացում առաջընթացը կախված կլինի Հայաստանի նախագահի «կառուցողական դիրքորոշումից»:

 

Երեկ երեկոյան երեք նախագահները արդեն իսկ եռակողմ ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել՝ Պուտինի հրավերով ներկա է գտնվելով «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:

 

Իսկ ավելի վաղ Պուտինը առանձին - առանձինհանդիպումներ էր ունեցել նախ Ադրբեջանի, իսկ այնուհետև Հայաստանի նախագահների հետ: