ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է որակել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ուորլիքը գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների' Փարիզում հանդիպելու համաձայնությունը կարևոր քայլ էր: Շնորհակալություն նախագահ Օլանդին»,- գրել է ԱՄՆ համանախագահը:
Փարիզի Մարինյի պալատում հոկտեմբերի 27-ին ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված բանակցություններ են տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են Ե ԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: