Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը դրական է գնահատում Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ հանդիպումից սպասելիքների վերաբերյալ նախնական հարցազրույցներում ինքն ասել էր, որ այդքան էլ մեծ սպասումներ չունի, սակայն հավելեց, որ հանդիպման ընթացքում արձանագրված արդյունքները կարող են լավ հիմք լինել հետագայում որոշակի առաջընթաց ապահովելու համար: «Շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ քայլերի ձեռնարկումը, կարծում եմ' մոտակա ժամանակահատվածի համար պետք է, որ ունենա մեծ ազդեցություն: Գիտեք, որ շփման գծում լարվածությունը շատ մեծ է: Մեր ակնկալիքը, որ պետք է ադրբեջանական կողմը միջոցներ ձեռնարկի այդ լարվածությունը մեղմացնելու առումով, արձանագրվեց այն վերջնական հայտարարության մեջ, որը տարածվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այս առումով, իհարկե, հանդիպման արդյունքները պետք է դրական համարել»,- ընդգծեց Նահապետյանը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանը մշտապես խախտել է բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, և ոչ մի երաշխիք չկա, որ այս անգամ էլ չի գնա այդ քայլին, Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Առաջին հերթին շատ կարևոր է հասնել որոշակի համաձայնությունների: Դա հեշտ չի տրվում: Հատկապես այն լարված պայմաններում, որում գտնվում են կողմերը: Դա նշանակում է, որ մեծ աշխատանք են կատարել թե միջնորդները, թե երկու կողմերի համապատասխան գերատեսչությունները: Որպես առաջին քայլ, իհարկե, պետք է հասնել համաձայնության: Երկրորդ ամենակարևոր քայլը այդ համաձայնությունների պահպանումն է: Հայկական կողմն ամբողջությամբ կատարում է իր ստանձնած պարտավորությունները, բայց կյանքը ցույց է տվել, որ ադրբեջանական կողմը կարող է մի բան հայտարարել, բոլորովին այլ բան իրականացնել»:
Պատգամավորն ընդգծեց, որ միջազգային հանրությունը և հատկապես Մինսկի խմբի համանախագահները պետք է հետամուտ լինեն, որպեսզի այդ համաձայնությունները կատարվեն: «Եթե կա պայմանավորվածություն լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու վերաբերյալ, ապա մոտակա ժամանակահատվածում պետք է տեսնել, թե ինչ գործողություններ են արվել այդ ուղղությամբ: Եթե մենք մոտակա ժամանակահատվածում արձանագրենք այլ իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը շարունակում է լարել իրավիճակը, օգտագործում է տարբեր տեսակի զինատեսակներ, խախտում է հրադադարի ռեժիմը, դա արդեն ցույց կտա, որ Ադրբեջանը բանակցությունների ժամանակ գալիս է համաձայնության, սակայն իրականացնում է լրիվ հակառակ գործողություններ»,- եզրափակեց Նահապետյանը:
Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և երկու երկրների արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը հաջորդեց նախագահների առանձնազրույցը: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով բանակցությունների արդյունքներից, նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել շփման գծում լարվածությունն էլ ավելի թուլացնելու ուղղությամբ: