Ադրբեջանն ամեն ինչ անում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը ձախողելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսին նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը' ընդգծելով, որ Ալիևի գործողություններն այդ մասին են վկայում:
«Տապալել բանակցային գործընթացը. այսպիսի խնդիր է իր առջև դրել Ալիևը: Անցած մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղի ունեցած իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները երկու խնդիր են փորձում լուծել: Նախ այնպես անել, որ այդ հանդիպումը չկայանա, երկրորդ' կայանալու պարագայում փոխել հանդիպման օրակարգը: Խոսել ոչ թե խնդրի կարգավորման ուղիների, այլ սահմանում իրավիճակը վերահսկելի դարձնելու մասին»,- ասաց քաղաքագետը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Ալիևը, կարծես, բանակցային գործընթացի հարցն իր համար փակ է համարում: Նա այլևս չի զբաղվում բանակցային գործընթացով, դրան վերաբերող բոլոր հարցերն ուղղորդել է դեպի Ադրբեջանի պաշտպանության նախարար: Նպատակ է դրված ռազմական ճանապարհով ամեն ինչ անել, որ այդ բանակցությունները տեղի չունենան: «Ալիևը հասկացել է, որ ոչ բանակցությունների միջոցով, ինչպես նաև ռազմական ճանապարհով չի կարող արդարացնել բոլոր այն սպասումները, որ ձևավորել է իր հասարակության շրջանում: Այն խոստումները, որոնք տրվել են իր կողմից, անիրականանալի են: Եվ ահա այդ խոստումների միջոցով իշխանությունն ամրապնդած Ալիևը փորձում է ժամանակ շահել»,- ավելացրեց փորձագետը:
Ըստ նրա՝ եթե չկա բանակցությունների գնալու պատրաստակամություն, ապա սրանով հանդերձ կայանալիք հանդիպումից սպասելիքները միանգամայն նվազում են: Նրա խոսքով՝ այս փուլում ամենամեծ ձեռքբերումը, որ կարելի է ակնկալել, սահմանային իրավիճակի հանդարտեցումն է:
Անդրադառնալով ամերիկացի պատգամավորների առաջարկներին' ուղղված սահմանային լարվածության նվազմանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ամեն ինչ գալիս և հանգում է Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը: «Եթե նա մերժում է մինչ օրս բոլոր մեխանիզմների կիրառումը, իրական ծրագրերը, որոնք ուղղված են սահմանամերձ բնակիչների անվտանգությանը, կարծում եմ' այսօր էլ Ադրբեջանում որևէ բան չի փոխվել և այդ մերժողականությունը շարունակվելու է: Վերջին շրջանում նկատում ենք, որ քննարկումները սահմանափակվում են Հայաստան-Մինսկի խումբ ֆորմատով: Ադրբեջանն ամեն ինչ հերքում է, ամեն ինչից հրաժարվում է և որևէ կերպ չի փորձում նպաստել խաղաղ կարգավորմանը»,- հավելեց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է համանախագահների աշխատանքին, ապա քաղաքագետը նշեց, որ այն գովելի է: Համանախագահները կարողացան հասնել նրան, որ այդ հանդիպումը կայանա: Ըստ քաղաքագետի' հասկանալի է, որ նրանց գործիքակազմն այնքան էլ մեծ չէ, չեն կարող լուրջ ճնշումներ գործադրել հակամարտող կողմերի վրա: Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց, որ դա կարող են անել համանախագահող երկրները՝ ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա, որոնք ունեն բոլոր մեխանիզմներն Ադրբեջանի ռազմական ակտիվությունը զսպելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 18-ին աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն՝ Բեռն, որտեղ դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: