Ռուսաստանը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ցանկացած հնարավորություն: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլին կինը' մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը ՄԱԿ Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում կամ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ: «Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որ ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ընդգծեց դիվանագետը:
Հնարավոր հանդիպման վայրն իր հարցազրույցներից մեկում նշել էր Կովկասի հարցերով Կառնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը, ում խոսքերով՝ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը կանցկացվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է օգոստոսի 10-ին Սոչիում, որը նախաձեռնվել էր Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում ստեղծված իրավիճակին առնչվող խնդիրները: