Հայաստանի և Ադրբեջանի նախագահների' Սոչիում կայանալիք հանդիպումից կարելի է դրական տեղաշարժ ակնկալել, քանի որ Ադրբեջանը վերջին օրերին հասկացավ, որ ուժի կիրառումով հարցին լուծում չի կարող տալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այս մասին Վանաձոր կատարած այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Վերջին օրերին լարվածությունը թուլացել է, և համոզված եմ, որ դեռևս թուլանալու է: Պառերազմը ոչ մեկին լավ բան չի տալու' ո՛չ Ղարաբաղին, ո՛չ Հայաստանին, ո՛չ էլ Ադրբեջանին: Կարծես թե Ադրբեջանն արդեն հասկանում է, որ ուժի կիրառումը որևէ օգուտ չի տալիս: Հայաստանը կողմնակից է խաղաղության, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հայկական կողմը չի վախենում պատրեազմից և անհրաժեշտության դեպքում պաշտպանելու է հայրենքիը, բայց դրա հետ մեկտեղ կողմ չէ պատրեազմին: Խոսելով նախագահների ակնկալվող հանդիպման մասին' վարչապետը նկատեց, որ ադրբեջանցիները հասկացել են, որ խնդրի լուծումը պետք է տանել բանակցային ճանապարհով. «Ակնկալում եմ, որ հանդիպումը դրական տեղաշարժ կապահովի»:
Ի պատասխան լրագրողների դիտարկմանը, որ ՆԱՏՕ-ն և միջազգային մի շարք կառույցներ արդեն հայտարարություն են արել հրադադարի խախտման առիթով' վարչապետը չհամաձայնեց նրանց հետ' հիշեցնելով, որ Ռուսաստանի նախագահն է հրավիրել երկու երկրների նախագահներին հանդիպման: «Մենք համագործակցում ենք ՀԱՊԿ-ի հետ և դա պարտավորություններ է իրենից ենթադրում: Համոզված եմ, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ը ևս կկատարի իր պարտավորությունները»,- ասաց նա: