Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն այսօր Բաքվում հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված պետք չէ շտապել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA-ն, Մամեդյարովը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն տարածաշրջան:
«Համանախագահները Երևանում կլինեն հոկտեմբերի 26-ին, իսկ 28-ին՝ Բաքվում: Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման վայրի և ժամկետի հարցում շտապել պետք չէ: Կա երկու ուղի. կամ նախագահները կընտրեն հանդիպման վայրը, կամ համանախագահները կժամանեն պատրաստի առաջարկությամբ: Ամեն դեպքում, մենք սպասում ենք համանախագահների այցին տարածաշրջան»,- ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանական ԱԳՆ-ի ղեկավարը նաև հաստատել է Սերբիայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստին Ադրբեջանի մասնակցությունը: