ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները Հայաստանի խորհրդարանում հանդիպում են ունեցել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորի հետ: Հանդիպման ընթացքում հայկական պատվիրակության անդամները ԵԽԽՎ նախագահին ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերությունները՝ անդրադարձ կատարելով ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, սահմանադրական բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև ԼՂՀ-ի հետ ԵԽԽՎ-ի համագործակցության անհրաժեշտության մասին: ԵԽԽՎ նախագահը նշել է, որ ԼՂ-ի բնակչությունը ԵԽ-ի 820 միլիոնանոց ընտանիքի մաս է կազմում, որի մասին Եվրոպայի խորհրդում պետք է հոգ տանեն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչությունից, Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան, նշել է, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո Հայաստանը մասնակցել է ԵԽ-ի բոլոր մակարդակներում աշխատանքներին, իրականացրել ստանձնած պարտավորությունները: Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է կատարված աշխատանքներն ու տարբեր ոլորտներում ընթացող բարեփոխումները: Նա մասնավորապես նշել է, թե բարեփոխման ինչպիսի աշխատանքներ են իրականացվում դատաիրավական, ո ստիկանության ոլորտներում, գենդերային հավասարության, սեռական և կրոնական փոքրամասնություններին առնչվող իրավական պաշտպանության մասում:
Հերմինե Նաղդալյանը մանրամասն ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը, անդրադարձել ԼՂ հակամարտության կարգավորման հարցին և կրկին հավաստիացրել, որ այս հարցում Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով քննարկումները և խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ ու ԼՂՀ մասնակցությամբ:
Նա տեղեկացրել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորին, որ ամառվանից սկսած հաճախակիացել են գնդակոծություններն Ադրբեջանի կողմից, որի հետևանքով մի քանի անգամ ավելացել են զոհերը շփման գծում, ինչը, ըստ նրա, կապված է ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի հետ: Նաղդալյանը նկատել է, որ խնդրի կարգավորման համար բավարար չեն Հայաստանի ջանքերը, քանի որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները:
Այս համատեքստում խոսվել է վստահության ցածր մակարդակի և անաչառության դեֆիցիտի մասին:
Պատվիրակության ղեկավարը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների և արձանագրությունների կասեցման վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը կարևորել է հատկապես դրանց կրկնությունը կանխարգելելու տեսանկյունից:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Մհեր Շահգելդյանը և Լևոն Զուրաբյանը խոսել են ներքաղաքական իրավիճակից և գործընթացներից, ներկայացրել իրենց մտահոգություններն ու դիրքորոշումները քննարկվող և այլ հարցերի առնչությամբ: Հայկական պատվիրակության անդամները կարևորել են ԵԽԽՎ պատգամավորների նախաձեռնած միավորման ստեղծումը, որի նպատակն է պայքարել ատելության, անհանդուրժողության և ժխտողականության դեմ:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և անդրադարձել բարձրացված հարցերին: Նա կարևորել է տարբեր խնդիրների լուծման համար միահամուռ ջանքերի գործադրումը: Անդրադառնալով դատաիրավական ոլորտին՝ նա կարևորել է դատական մարմինների անկախությունն ու հանրության վստահության մեծացումը դրանց նկատմամբ, անհրաժեշտ համարել անպատժելիության բացառումը: Տիկին Բրասորն անդրադարձել է նաև սահմանադրական բարեփոխումներին, ընդգծել դրանց համապատասխանության անհրաժեշտությունը ԵԽ չափանիշներին և նշել, որ սահմանադրակ ան բարեփոխումները չպետք է լինեն ինքնանպատակ. նրա խոսքով՝ դրանք պետք է դառնան գործիք՝ երկիրը զորացնելու համար: Նա նաև կարևորել է կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը: