ՀՀ արտաքին գործերի նախարարը հավանական չի համարում այնպիսի իրավիճակը, երբ Ադրբեջանի ատելության քաղաքականությունը ազդեցություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների բովանդակության վրա: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից վերջին շրջանի կրակոցներին:
«Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը մշտապես կարևորներից է: Կա բովանդակային մասը, և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկվում են այդ բովանդակային հարցերը: Չի կարող լինել իրավիճակ, երբ շարունակվում է այդ հռետորաբանության և ատելության քաղաքականությունը, և սպասել, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա, մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ»,- ասաց նախարարը:
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բացարձակ կարևոր հարց է հասնել իրավիճակի, որը բացառում է էսկալացիայի ռիսկերը: