Բլոգեր Ալեքսանդր Լապշինը օրեր անց Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերից մեկում կխոսի Ադրբեջանի կողմից իր իրավունքների խախտման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին բլոգերը հայտարարեց Երևանում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ: «Կխոսեմ այն մասին, թե ինչպես են ինձ 7 ամիս պահել մեկուսարանում, որը մարդու իրավունքների խախտում է, ինչպես են ինձ կտրել արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, ինչպես են ծաղրել: Իսկ վերջին օրը՝ սեպտեմբերի 10-ին, երբ մայրիկիս ծննդյան օրն էր, ծեծել են, կոտրել են ատամներս, կողոսկրս, իսկ երբ անգիտակից վիճակում էի, կոկորդիս պարան էին անցկացրել ու կախել զուգարանում, որ հետո ներկայացնեն, թե իբր կախվել եմ: Կարծում եմ՝ հատուկ էին մայրիկիս ծննդյան օրը ընտրել»,-նշեց Լապշինը:
Բլոգերի խոսքով՝ երբ Ադրբեջանում էր, հասկանում էր, որ գտնվում է տոտալիտար երկրում, որը կառավարվում է կլանների կողմից, իսկ իրեն ցանկանում են օգտագործել ներքին խնդիրները լուծելու համար: «Նրանք ցանկանում էին անկիրթ բնակչությանը ցույց տալ, թե Իլհամ Ալիևն ուժեղ առաջնորդ է, կարող է իրեն թույլ տալ չհարգել Ռուսաստանի, Իսրայելի և Եվրոպական միության կարծիքը»,- ասաց բլոգերը:
Ադրբեջանի թույլ տված անօրինությունների վերաբերյալ հայցն արդեն 1.5 ամիս է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: Ֆրանսիացի փաստաբանները բլոգերին տեղեկացրել են, որ այն արդեն դատարանի կողմից վերցվել է քննության, իսկ գործընթացը կարող է 1-2 տարի տևել: «Մենք մեղադրանք ենք ներկայացրել Բաքվի բանտում իմ հանդեպ սպանության փորձի, իմ իրավունքների, արտահանձնման իրավունքի խախտման, ինչպես նաև ազատությունից ինձ ապօրինաբար զրկելու հարցերով»,-հայտնեց Ալեքսանդր Լապշինը:
Նրա կարծիքով՝ ադրբեջանցիները ֆինանսական ու մարդկային ռեսուրս են ծախսում ու ամենօրյա ռեժիմով իր հետ կատարվող ամեն ինչ մոնիտորինգի ենթարկում: «Ես վստահ եմ, որ նրանք մոնիտորինգ են անելու այն ամենը, ինչ այստեղ կասեմ՝ ծախսելով ֆինանսական ու քաղաքական ռեսուրսներ: Ինչքան շատ ռեսուրս վատնեն իմ դեմ պայքարում, ավելի քիչ զենք կգնեն»,-կես կատակ, կես լուրջ ասաց բլոգերը: Հարցին ի պատասխան, թե չի վախենում, որ ադրբեջանցիները կարող են իր հետ հաշվեհարդար տեսնել, Լապշինն ասաց՝ չի բացառում ռիսկը, որ որևէ երկրում կարող են հարձակվել իր վրա, դանակով հարվածել, այդ իսկ պատճառով փորձում է զգուշավոր լինել:
Բլոգերը նշեց, որ այս անգամ չի հասցնի այցելել Արցախ, քանի որ երեք օրից պիտի մեկնի Ստրասբուրգ, սակայն հաջորդ անգամ անպայման կլինի գեղատեսիլ Արցախում: «Ես հաջորդ անգամ կգնամ Արցախ, ու ցույց կտամ, որ նրանք մեզ վախեցնել չեն կարող»,-հավելեց Ալեքսանդր Լապշինը:
Լապշինը Հայաստանում է «InTour Expo» և «SportWay» ցուցահանդեսներին մասնակցելու համար: Այստեղ նա կխոսի Հայաստան ու այլ երկրներ ճամփորդությունների մասին, թե ինչպես գնել էժան ավիատոմսեր, ինչպես լինել ազատ և վայելել ճամփորդությունը:
Լապշինը ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով:
Բելառուսի Գերագույն դատարանը 2017 թվականի փետրվարի 7-ին մերժել էր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել էր Մինսկից Բաքու ' պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 20-ին հրապարակվել էր ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավճիռ. նա դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:
2017 թվականի սեպտեմբերի 11-ին Իլհամ Ալիևը ներում շնորհեց Լապշինին: