«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու մասին խոսակցությունները տեղին են: «Մենք մահացած չենք, որ վերակենդանանանք, մենք ամենաակտիվ ուժերից ենք և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական դաշտում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով, որ հենց «Բարև Երևան» դաշինքն էր, որ առաջինը կոչ արեց քաղաքացիներին բողոքել տրանսպորտի թանկացման դեմ:
Ըստ նրա՝ այդ խոսակցություններն ուղղորդված քարոզչություն են. «Այնպես որ դա նոր իրավիճակ չէ, որ մենք վերակենդանանաք կամ ակտիվության նշաններ ցույց տանք»:
Րաֆֆի Հովհաննիսյանի՝ քաղաքական դաշտից, ինչպես նաև Հայաստանից հեռանալու մասին՝ ինչպես Արմեն Մարտիրոսյանը նշեց, խոսվում էր դեռ 1992թ.-ին: Դա 20 տարվա վաղեմություն ունի, ինչից ելնելով էլ «Ժառանգության» անդամը կարծում է, որ այդ ուղղորդված հակաքարոզչությունը խորը մեկնաբանության կարիք չունի:
«Վերջին ժամանակահատվածում չգիտես ինչու սև PR է իրականացվում Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» նկատմամբ, կարծես թե գլուխը կտրելով՝ գլխացավը բուժվում է: Իսկ խնդիրը ոչ թե կուսակցական համակարգն է, այլ այն, որ տարբեր կուսակցություններ քաղաքական տարբեր կողմնորոշումներ ունեն, «Ժառանգության» կամ Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում ես չեմ կարծում, որ այս պայքարը կարելի է հակադրել քաղաքացիական պայքարի հետ: Ուստի ուղղորդված հակասություն ստեղծելն արդարացի չէ»,- ասաց նա՝ հավելելով, թե պետք է նկատի ունենալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած նախագահական ընտրությունների հաղթած թեկնածուն է, ով խոշոր ընտրակեղծիքների պատճառով չդարձավ նախագահ:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպիսի չարախոսություններ են լինում կուսակցության առաջնորդի հասցեին, իրենք պարտավորություններ ունեն, որ պետք է իրականացնեն. «Սեպտեմբերի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանն իր մոտեցումները կասի»:
Ինչ վերաբերում է հնչող կարծիքներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պարպեց ժողովրդի էներգիան, նա նշեց, որ այդ կարծիքների հեղինակներից շատերը պետք է ժամանակին Ազատության հրապարակում լինեին, պետք է ոչ թե հակարաֆֆիական քարոզչություն իրականացնեին, այլ պետք է փորձեին համատեղ ծրագրերով հանդես գալ, շատերը՝ փոխանակ իշխանությանը քննադատելու, անընդհատ՝ նույնիսկ նախագահական ընտրություններից առաջ սկսեցին «ապատիայի» սերմեր ցանել:
«Փոխարենն իրենց մեղադրեն, որ չեն եկել միասնական պայքարել և հաղթանակ ապահովել, այլ ընդհակառակը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ են պայքարել տարբեր ուղիներով, հիմա խոսում են դրա մասին: Սա է ամբողջ խնդիրը, սայլի տեղ սայլվորն է ճռռում, սա այդ դեպքն է»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցությունը օգոստոսի 1-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար հայտ է ներկայացրել Երևանի քաղաքապետարան, ինչն ի գիտություն է ընդունվել: